Գենետիկայի հայրը կամ Օրբելիների տոհմի ևս մեկ լեգենդ

Հովսեփ Օրբելին՝ համաշխարհային մեծության արևելագետը, պետական Էրմիտաժի տնօրենը, ավագ եղբայր է ունեցել՝ Լևոնը։ Նա էլ է գիտնական եղել, բայց զբաղվել է բոլորովին այլ գիտությամբ՝ բժշկությամբ, ավելի ճիշտ՝ ֆիզիոլոգիայով։ Լևոն Օրբելին ծնվել է Ծաղկաձորում 1882թ-ին։ Ծաղկաձորի հենց կենտրոնում գտնվում է Օրբելի եղբայրների՝ Լևոնի, Հովսեփի և Ռուբենի տուն-թանգարանը։

17-ամյա Լևոնը Թիֆլիսի վարժարանի ոսկե մեդալը ստանալուց հետո մեկնել է Սանկտ Պետեբուրգ։ Նա ընտրել է բժշկական գիտության բարդագույն ուղին։ Նրա ծնողները դեմ չեն եղել Ռազմաբժշկական ակադեմիային, որտեղ պետք է քննություններ հանձներ նրանց որդին։

Աբգար Օրբելին՝ ընտանիքի հայրը, աղքատ չի եղել, Լևոնն էլ գիտելիքների և սովորելու ցանկության պակաս չի զգացել։  Պետերբուրգում աշխատանքը նրան առաջին հերթին գրավել է Իվան Պավլովի մոտ գիտական աշխատող լինելու բացառիկ ու պատվավոր հնարավորությամբ։ Պավլովն այդ ժամանակ արդեն Նոբելյան մրցանակակիր էր և կյանքի օրոք հայտնի ֆիզիոլոգ։ Լևոնը եղել է Պավլովի օգնականը փորձարարական բժշկության ինստիտուտում։

Այո, ինչպես պարզվում է, դեռ ցարական ժամանակներում գոյություն է ունեցել «փորձարարական բժշկություն» հասկացությունը։ Ռուս-ճապոնական պատերազի ժամանակ Լևոնը բժիշկ է նշանակվել այն հածանավերից մեկում, որոնք Ռուսաստանը գնել է Արգենտինայից։ Լևոն Օրբելու գրչին են պատկանում մոտ 150 հեղինակային գիտական աշխատություն։

Նա գիտության մեջ զարգացրել է նոր ուղղություն՝ էվոլյուցիոն ֆիզիոլոգիան, առաջին անգամ օբյեկտիվ տվյալներ ստացել կենդանիների տեսողական ֆունկցիաների մասին, զբաղվել է բարձրագույն նյարդային գործունեության ոլորտի հետազոտություններով, ուսումնասիրել արտաքին գործոնների ազդեցությունը բարձրագույն նյարդային գործունեության վրա։

Լևոն Օրբելին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է և բժշկական ծառայության գեներալ-գնդապետ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ստալինյան մրցանակի դափնեկիր։ Սակայն գիտական ձեռքբերումների, պարգևների, տիտղոսների ու պաշտոնների տպավորիչ ցանկը, որոնք կբավականացնեին մի քանի գիտնականների, բոլորովին չի նշանակում, որ նրա կյանքում ամեն ինչ հարթ է ընթացել։

1948թ-ին տխրահռչակ ակադեմիկոս Լիսենկոն առաջնային դեր է խաղացել Խորհրդային Միությունում  գենետիկայի կործանման մեջ՝ պատճառ դառնալով, որ խորհրդային գիտությունն այս ուղղությամբ խիստ հետ մնա։

Օրբելին՝ որպես ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, պետք է հետևեր այդ որոշումներին։ Նրանից պահանջել են ոչ միայն փոխել գենետիկ հետազոտությունների ծրագիրը, այլ նաև վերանայել աշխատակազմը, ազատվել մի քանիսից։ Օրբելին քաջություն է գտել նման բան չանելու, ավելին, նա իր մոտ է ընդունել Լենինգրադի համալսարանից հեռացված գենետիկ Լոբաշովին։

Մի քանի տարի է անցել՝ 1956թ-ին ստեղծվել է ԽՍՀՄ ԳԱ էվոլյուցիոն ֆիզոլոգիայի ինստիտուտը, Օրբելին դարձել է ինստիտուտի տնօրենը։ Դա եղել է նրա վերջին պաշտոնը, երկու տարի անց ակադեմիկոսը հեռացել է կյանքից։ Լևոն Օրբելուն հողին են հանձնել Լենինգրադի Բոգոսլովյան գերեզմանատանը և նրա անունով են կոչել քաղաքի փողոցներից մեկը։