Ինչու՞ Փարաջանովը պատուհանից դուրս նետեց իտալացի կինոռեժիսորի նվերը և ինչպե՞ս էր ԱԱԾ-ի գործակալը նրա հետ մի հարկի տակ ապրում ու հետևում նրան

1985 թվականի փետրվարին, Թբիլիսիում բացվաել էր նկարչի առաջին ցուցահանդեսը և պետք է կայանար  «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմի պրեմիերան:

Փարաջանովն ընդհանրապես նյութապաշտ չէր, նրան ոչինչ պետք չէր: Տան դռները միշտ բաց էին, միշտ աշխուժություն էր տիրում, մարդիկ անդադար ներս ու դուրս էին անում: Տանը կոտրված սեղան էր դրված, ինչ-որ աթոռներ ու հասարակ մահճակալ: Երբ նրա միակ արժեքավոր իրը` մորից մնացած թանկարժեք զարդը, գողացան, նրան այլևս նյութական ոչինչ չէր հետաքրքրում:

Փարաջանովը իր հյուրերին արթնացնում էր առավոտյան ժամը 8-ին ու ասում` պետք է Թբիլիսին ցույց տամ ձեզ: Դուրս էին գալիս տնից ու անհավանական արագությամբ շրջում Թբիլիսիում: Սերգեյը պատմում էր` սա այսինչի բակն է, այնտեղ փոքրիկ ձկներ են ապրում, այստեղ մի լավ կոշկակար է ապրում:

Ցուցահանդեսից առաջ Սերգեյը նվերներ էր ստացել մի շարք հայտնի մարդկանցից։ Փարաջանովն այդ նվերները տվեց ուրիշներին, իսկ իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի ուղարկած վերարկուն ընդհանրապես դուրս շպրտեց պատուհանից: Ցուցահանդեսն ու ֆիլմի պրեմիերան մեծ հաջողություն էին խոստանում: Չէ՞ որ Փարաջանովը պետք է խոսեր 15 տարվա լռությունից, բանտարկությունից ու հալածանքներից հետո:

Նրա հետևից վազում էր քաղաքապետն ու ասում, թե որքան անհարմար ու տգեղ բան կստացվի, երբ մարդիկ գան ու տեսնեն, թե ինչ չքավոր պայմաններում է ապրում մաեստրոն: «Որ տան վրա ուզում ես մատդ դիր, ու այն քոնը կլինի», — ասում էր քաղաքապետը Սերգեյին: Սակայն Փարաջանովը հրաժարվում էր բոլոր առաջարկներից: Ցուցահանդեսին ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չէր եկել Հայաստանից, և Փարաջանովն անչափ վիրավորվել էր:

Ցուցահանդեսի բացումը աննկարագրելի էր։ Վրաստան, արիստոկրատներ, ադամանդներով ու մորթիներով զարդարված մարդիկ, որոնք ոչ մի վայրկյան չէին հեռանում Փարաջանովից։

Փարաջանովի ընկերներից մեկը ցուցահանդեսից հետո բոլոր ներկաներին հրավիրեց իր տուն` մասնակցելու Սերգեյի պատվին կազմակերպած հանդիսավոր ընթրիքին: Նրա տունը դրախտ էր հիշեցնում` մեծ հյուրասենյակ, արծաթյա շքեղ ջահեր, 300 հոգանոց սեղան ու հսկա բուխարի:

Հատուկ Փարաջանովի համար Իսրայելում օծված խաչը մաեստրոն նվիրեց Սիբիրից եկած ու իր տանը բնակվող եղբայրներից մեկին: Նրանք եկել էին Սերգեյի մոտ, որպեսզի օգնեն նրա` եփեն-թափեն, տունը կարգի բերեն։ Դա մի աննկարագրելի երևույթ էր. եկել էին ու խնդրել ծառայության վերցնել իրենց:  Նվիրելուց առաջ ասաց. «Ես հավատացյալ չեմ, և խաչն ինձ հարկավոր չէ: Ես խաչը կտամ նրան, ով իրոք դրա կարիքն ունի»: Ավելի ուշ պարզվեց, որ տղան նույն գիշերը վաճառել էր խաչը, որպեսզի խմիչք գնի: Մինչ օրս ափսոսում եմ, որ չվերցրի այդ խաչը նրա ձեռքից:

Փարաջանովի հետ ևս մի մարդ էր ապրում, ով գրեթե ամբողջ օրը կիթառ էր նվագում։ Հետո պարզվեց, որ նա ԱԱԾ-ի գործակալ էր ու հետևում էր Փարաջանովին: