Տավուշի հոգևոր ու մշակութային կենտրոններից մեկը․ Դեղձուտի վանք

Դեղձուտի վանքը գտնվում է Տավուշի մարզի Կիրանց գյուղից հարավ-արևմուտք ՝ Երևանից 156կմ հեռավորության վրա։ Հուշարձանախմբի կառուցման և անցյալի մասին պատմական և այլ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն հուշարձանների ոճից ելնելով, կարելի է վերագրել 13-րդ դարին: Բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավթից և երկրորդ եկեղեցուց: Մոտակայքում գտնվում են բնակելի տների մնացորդները, մատուռը և գերեզմանատունը:
Գլխավոր եկեղեցին կառուցված է սրբատաշ, մոխրագույն և դեղնավարդագույն քարերից՝ կրաշաղախով:

Գլխավոր եկեղեցու դռան վրա փորագրված է խաչ, որը զարդարված է բուսական ու երկրաչափական նուրբ քանդակներով։ Պողոս և Քաղաք վարպետների ստորագրությունը կրող մի յուրահատուկ խաչ֊քար կա վանքի մուտքի հյուսիսային կողմում։ Խաչքարը վաղուց ի վեր ընկել է պատվանդանից ու կոտրվել, բաժանվելով մի քանի մասի։ 1948 թվականին հուշարձանախումբը հետազոտող հնագետները բեկորները իրար միացնելով վերծանել են խաչքարի արձանագրության մեծ մասը, և պարզվել է, որ այն կանգնեցվել է վանքի շինարարության ժամանակ։
Վանքի հիմնադիր Առաքել վարդապետի անունը Դեղձուտի այլ արձանագրությունների մեջ հիշատակվում է 1275 և 1292 թվականներին։ Նրա գերեզմանը գտնվում է եկեղեցու նախագավթում և թափված քարերի հարվածներից կոտրվել է շիրիմաքարը, բայց երկու տողանոց անթվակիր արձանագրությունը հնարավոր է եղել վերծանվել։

Դեղձուտի վանքը իբրև հոգևոր ու մշակութային կենտրոն իր ծաղկմանն է հասել հատկապես Մահկանաբերդի իշխան Սադունի օրոք: Հին ձեռագրերից հայտնի է, որ վանքը նաև գրչության օջախ էր Առաքել վարդապետի ժամանակ: Ենթադրվում է, որ Դեղձուտը՝ իբրև հոգևոր կենտրոն և գրչության օջախ, շարունակել է իր գոյությունը նաև հետագա դարերում: