Արցախի հոգևոր հարստություններից մեկը․ ի՞նչ է սպասվում Հանքաբերդի վանքին

Հանդաբերդի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քնարավան գյուղից 500 մետր դեպի արևելք։ Համալիրի շինությունների հիմնական մասը, ըստ շինարարական արձանագրության, 1276 թվականին կառուցել է Դավիթ վարդապետը` տեղում գոյություն ունեցող ավելի հին եկեղեցու շուրջ:

Համալրիը կազմված է եկեղեցուց, մատուռից, ավանդատուն-մատուռներից, ժամատնից, զանգակատնից, տապանաբակից և ամրապատից։ Հանդաբերդի վանքի գլխավոր եկեղեցին ու մատուռները ունեն ուղղանկյուն` դահլիճի հետ միասնական թաղով խորաններ: Հանդաբերդի վանքի զանգակատունն իր հորինվածքով վերաբերում է ուղղանկյուն հատակագծով, աշտարակաձև զանգակատների տիպին, որտեղ զուգակցված են զանգաշտարակի և մուտք-նախասրահի գործառույթները:

2003-2004 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավխմբի կողմից կատարվել է պեղումներ, որի արդյունքում հայտնաբերվել է 13-14-րդ դարերի արձանագրություններ, խաչքարեր, տապանաքարեր, մետաղից և կավից պատրաստված մի շարք գտածոներ և այլն։
Հանդաբերդի պեղումների ամենամեծ արդյունքներից մեկն էլ մոտ հարյուր ութսուն խաչքարերի ու խաչաքանդակ սալերի հայտնաբերումն է, որոնց միայն մի փոքր մասն էր տեսանելի մինչև պեղումները: Խաչքարերի առավել աչքի ընկնող օրինակները բազալտից են։ Կան նաև տեղական փխրուն ավազաքարից և կաթնագույն կրաքարից խաչքարեր ու խաչաքանդակ սալեր։ Խաչքարերի համար առանձնացվել են մի քանի ժամանակագրական խմբեր: Խաչքարերի 10-11-րդ դդ․ վերաբերող օրինակներում խաչից բացի կան հորինվածքի այլ մանրամասներ՝ վերնանկյունից դեպի ներքև իջնող խաղողի ողկույզներ և այլն։ Ժամանակագրական հաջորդ խումբը վերագրվում է 12-13-րդ դարերին։ Հանդաբերդի խաչքարերի և խաչաքանդակ սալերի վերջին խումբը վերաբերում է 13-րդ դ. վերջերին և 14-րդ դարի սկզբներին:

Վանական համալիրը մի քանի անգամ ենթարկվել է ավերման, Արցախյան վերջին պատերազմի ընթացքում վանքը չի տուժել, սակայն ներկա պահին վանքի մասին տեղեկություններ չկան և հայտնի չէ վանքի ճակատագիրը։