Հայաստանում 2410 մետր բարձրության վրա աննկատ մի սև շինություն է երևում. գիտե՞ք՝ ինչ շինության մասին է խոսքը

Սելիմի քարավանատունը ( հայտնի է նաև Օրբելյանների քարավանատուն անվամբ) գտնվում է ներկայիս Վայոց ձորի մարզում՝ Սելիմի լեռնանցքի հարավային լանջին:

Քարավանատունը կառուցվել է Չեսար Օրբելյան իշխանի կողմից՝ 1332 թվականին: Այդ մասին Օրբելյան իշխանը արձանագրություն է թողել. «Հանուն ամենազոր և զորեղ Աստծու, 1332 թվականին, աշխարհի տիրակալ Բուսայիդ խանի օրոք, ես` Չեսար, իշխանաց իշխան Լիպարիտի որդին, և մայրս` Աննան, Իվանեի թոռը, և իմ եղբայրները` առյուծների պես գեղեցկատես իշխաններ Բուրթելը, Սմբատը և Էլիկումը Օրբելյանների ազգից, և իմ կինը` Խորիշան, Սերիկարիմանների Վարդանի դուստրը, կառուցեցինք այս հոգևոր տունը մեր միջոցներով` մեր, մեր ծնողների և Քրիստոսին ապավինող մեր եղբայրների հոգիների փրկության համար, նաև իմ կենդանի եղբայրներ և որդիներ` Սարգիսի, Հովհաննես քահանայի, Քուրդի և Վարդանի համար։ Աղաչում ենք ձեզ, անցորդներ, մեզ հիշել Քրիստոսի մեջ։ Կառուցումը սկսվել է Եսայու քահանայությամբ և ավարտվել նրա աղոթքների շնորհիվ»:

Շինությունը կառուցված է սրբատաշ բազալտով: Երկթև տանիքը պատված է մեծ սալաքարերով, ինչը վկայում է ճարտարապետի հմտության մասին:

Քարավանատունը ճարտարապետական տեսանկյունից նման է գյուղական բնակելի տներին։ Դա երևում է գլխավոր դահլիճի հատակագծից։ Այն ուղղանկյունաձև սենյակ է, որը յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին  և կողային  նավերի։ Դահլիճը լուսավորվում է երեք երդիկների միջոցով։ Երկարությունը 35,5մ է, տարածքը՝ 298 քառակուսի մետր։ Ունի եռանավ դահլիճ՝ 7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Նախասենյակի մուտքն ունի հարուստ հարդարանք։ Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ, արևելյան մասում՝ ցուլ, արևմտյան մասում՝ մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։

Քարավանատները մեծ նշանակություն են ունեցել հին և միջնադարյան Հայաստանում: Հայաստանը գտնվել է առևտրական բանուկ ճանապարհների հանգույցում և միջազգային առևտրի խոշոր կենտրոններից է եղել: Եվ հայոց երկրում այդ ճանապարհների վրա շատ քարավանատներ և իջևանատներ են գործել: Ճամփորդները, սուրհանդակները, առևտրականներն այստեղ գտել են սնունդ, կացարան՝ գիշերելու և հանգստանալու համար, ձիերի, գրաստների և ուղտերի համար կեր…

Դեռևս մթա 6-րդ դարում Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Դարեհ Առաջինը կառուցեց Արքայական պողոտան, որը կապում էր Պարսկաստանի մայրաքաղաքը Էգեյան ծովի հետ: Պողոտայի զգալի հատվածն անցնում էր Հայաստանով: Եվ այդ ճանապարհին էլ յուրաքանչյուր քսաներորդ կիլոմետրում քարավանատներ և իջևանատներ էին կառուցված:

Հին և միջնադարյան աղբյուրները վկայում են, որ ոչ միայն Հայաստանն է եղել միջազգային տարանցիկ առևտրի հիմնական առանցքը, այլև հայերն իրենց ձեռքում էին հիմնականում կենտրոնացրել այդ առևտուրը: Մթա հինգերորդ դարի հույն պատմիչ Քսենոֆոնի հավաստմամբ՝ հայերը, որ առևտուր էին անում հեռավոր Հնդկաստանի հետ՝ պարսից արքաներին օգնում էին դիվանագիտական, թարգմանչական արվեստում, ծառայում որպես ուղեկցորդներ՝ հեռավոր արշավանքների ժամանակ: