Հռիփսիմեի տաճարի այս արտաքին խորշերը նորարարություն էին շինարվեստում. գիտե՞ք՝ ինչպես են օտարազգի գիտնականները այդ խորշերն անվանում

Հայկական ճարտարապետական հանճարի գլուխգործոցներից մեկն է Հռիփսիմեի տաճարը: Այն կառուցվել է 7-րդ դարում:

Ըստ ավանդության՝ Հռիփսիմեի տաճարը կառուցվել է հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում: 5-րդ դարի հայ պատմիչ Ագաթանգեղոսն իր «Հայոց պատմություն» գրքում բերում է այդ ավանդությունը: Երեսուներկու հռոմեական քրիստոնյա կույսեր, որոնց մեջ էր նաև Հռիփսիմեն, հալածվելով Հռոմի Դիոկղետիանոս կայսրից, փախչում և ապաստանում են Հայաստանի Վաղարշապատ մայրաքաղաքում: Այստեղ նրանք սկսում են քարոզել իրենց ուսմունքը: Բայց քանի որ դա արգելված էր, հայոց Տրդատ արքայի հրամանով նրանք մեկուսացվում և սրատվում են տարբեր վայրերում:

Վաղարշապատից ոչ հեռու ընկած մի բլրակի վրա սրատվում է Հռիփսիմեն: Եվ այն վայրում, ուր, ըստ ավանդության, սպանվել և թաղվել է Հռիփսիմեն, 395թ. Կաթողիկոս Սահակ Պարթևը մատուռ է կառուցում:

Մոտ 3 դար անց՝ 618 թվականին, Կաթողիկոս Կոմիտաս Աղցեցին, քանդում է մատուռը և դրա տեղը կառուցում Հռիփսիմեի տաճարը:

Հռիփսիմեի տաճարը 5-6-րդ դարերի Հայաստանի գմբեթավոր եկեղեցիների առավել կատարելագործված օրինակն է:

Տաճարը ներսից ունի ամբողջական և գեղեցիկ սրահ: Այն ձևավորված է մեծ ու փոքր ութ խորշերով և նրանց կամարներին հանգչող կորնթարդ գմբեթով: Դրսից տաճարն ունի տարբեր բարձրության ու ձևի տանիքներ: Գմբեթը ծածկված է սրածայր գլխարկով, որն անվանում են վեղար: Արտաքուստ պատերին արված են երկուական խորշեր, որոնք լույսի ու ստվերի խաղով ասես կենդանություն են հաղորդում կառուցվածքին: Հռիփսիմեի տաճարի այս արտաքին խորշերը նորարարություն էին շինարվեստում, և օտարազգի գիտնականները դրանք անվանում են «հայկական խորշեր»:

17-րդ դարում տաճարը նորոգել են, ապա արևմտյան ճակատին կից կառուցել այժմյան զանգակատունը, ավելի ուշ պարսպապատել են, լրացրել օժանդակ շինություններով: 1958թվականին կատարված վերանորոգումների և պեղումների ժամանակ պարզվել է, որ եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում: