Անմահ հերոսի մասին, ով իր կրծքով փակեց թշնամու գնդացիրը
1943 թվականի սեպտեմբերի 16-ին, Նովոռոսիյսկի մոտ ընթացող մարտերից մեկում ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը սեփական մարմնով փակեց հակառակորդի կրակակետը՝ իր սխրանքի համար հետմահու արժանանալով Խորհրդային Միության Հերոսի կոչման:
Հունան Ավետիսյանը, հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտերում գիտակցորեն զոհաբերելով իր կյանքը, հավերժ անմահ կմնա: Ծավ գյուղում 1914 թվականին ծնվել է Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանը:
Երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, Հունան Ավետիսյանը շատերի նման մեկնում է ռազմաճակատ չորս եղբայրների հետ միասին: Հինգ եղբայրներով մարտնչում են հանուն հայրենիքի: 1942թ. օգոստոսին 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում Հունան Ավետիսյանը մեկնում է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատ: Աչքի ընկնելով Կովկասի հերոսական պաշտպանության մարտերում:

1943թ. սեպտեմբերին սկսվում են հարձակողական նոր մարտեր՝ Նովոռոսիյսկ քաղաքը և Թամանյան թերակղզին ազատագրելու համար: Հունան Ավետիսյանին նախապես հանձնարարվել էր իր մարտիկներով ոչնչացնել բարձունքի վրա գտնվող թշնամու կրակակետը: Նա ինքն է առաջինը հասնում հանձնարարված վայր և սողալով մոտենում թշնամու կրակակետին:
Ջոկին հրամայելով շրջանցել երկրորդ քողարկված կրակակետը՝ ինքը մոտենում է առջևից: Գնդացրային գնդակից ծանր վիրավորվում է: Արյունաքամ Հունանը մի կերպ ձգվում է դեպի հրակնատը: Ինչպե՞ս լռեցնել գնդացիրը: Ի վերջո հավաքեկով վերջին ուժերը զայրույթով նետվում է առաջ և կրծքով փակում հրակնատի խոռոչը` լռեցնելով թշնամու մահ սփռող գնդացիրը…

Հունան Ավետիսյանի սխրանքը անսպասելի չէր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան: Հայրենիքն անսահմանորեն սիրող երիտասարդն ինքն իրեն վաղուց էր նախապատրաստել հերոսական սխրանքի: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944թ. մայիսի 16-ի հրամանագրով Հունան Ավետիսյանին հետմահու շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում:
Հունանի հիշատակին հուշարձաններ են կանգնեցվել Վերխնի Բականսկում, Կապան քաղաքում, Երևանում, Արմավիրում, հայրենի Ծավ գյուղում: Հունանի անունով են կոչվել դպրոցներ, փողոցներ: Գրվել են գրքեր: Նրա անունը ոսկե տառերով գրանցվել է հայ ժողովրդի պատմության փառավոր էջերում։ Այսօր էլ նա իր հարազատ ժողովրդի հետ քայլում է դեպի հավերժություն: