«Ինչո՞ւ պիտի ռեժիսոր կամ տիեզերագնաց դառնայի: Ես իմ գործն եմ արել». ճանաչենք «Զգացմունքային խցիկի»վարպետին

Խոսքը հայ կինոօպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալբերտ Գառնիկի Յավուրյանի մասին է:

Ալբերտ Յավորյանը ծնվել է 1935 թվականին Գյումրիում։ 1964 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական ֆակուլտետը (Լ.Կոսմատովի արվեստանոց)։ Առաջին ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները կատարել է Յալթայի կինոստուդիայում, որտեղ կինոուսումն ավարտելուց հետո ստացել է նշանակում։

 1964 թ ին, վերադառնալով հայրենիք, Ալբերտ Յավուրյանը մասնակցեց «Բարև, ես եմ» ֆիլմի ստեղծմանը: Այդ ֆիլմը համարվում է հայ կինոյի նորագույն շրջանի հայտնությունը։

Այստեղ կիրառվեցին, այսպես կոչված, «ազատագրված կինոխցիկի» լայն հնարավորությունները։ Բեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի հետ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանն այս ֆիլմի համար արժանացավ Հայաստանի պետական մրցանակի(1967)։

1991 և 1994 թվականներին Իրանում Ա. Յավուրյանը նկարահանել է երկու կինոնկար «Տովարիշչ» և «Զինապարտ», որը Թեհրանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «լավագույն օպերատորական աշխատանք»։ Ալբերտ Յավուրյանը տասնյակ խաղարկային եւ վավերագրական ֆիլմերում հանդես եկավ որպես բեմադրող օպերատոր «Երևանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Երջանկության մեխանիկան», «Մենավոր ընկուզենի» և այլն։

Բազմաթիվ շնորհներով էր օժտված, բայց ինչպես իսկական պրոֆեսիոնալ, երբեք չէր դավաճանում իր հիմնական մասնագիտությունը, հարգում էր այլ մասնագիտությունները՝ ռեժիսորին, դերասանին, նկարչին ու դրամատուրգին… Այդ կապակցությամբ հարցազրույցնեից մեկի ժամանակ նա ասել է.

Երբեմն ինձ ասում են, թե ինչու ռեժիսոր չդարձար, սցենարներ չգրեցիր… Ինչո՞ւ, ասում եմ ես, ինչո՞ւ պիտի ռեժիսոր կամ տիեզերագնաց դառնայի: Ես իմ գործն եմ արել…

Յավուրյանը համագործակցել է հայտնի ռեժիսորներ Ֆ. Դովլաթյանի, Գ. Մելիք-Ավագյանի, Ն. Հովհաննիսյանի, Կ. Գևորգյանի, Դ. Կեսայանցի հետ։

Սերգեյ Փարաջանովն իր վերջին ֆիլմերին հրավիրեց Ալբերտ Յավուրյանին. միասին նկարահանեցին «Աշուղ Ղարիբը», այնուհետև սկսեցին նկարահանել «Խոստովանություն» ֆիլմը, որը ռեժիսորի մահվան պատճառով մնաց անավարտ։

Կյանքի վերջի տասը տարիներին՝ սկսած 1977 թվականից, Ալբերտ Յավուրյանը մանկավարժական գործունեություն է ծավալել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Եղել է ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի «Կինոյի և հեռուստատեսության» ամբիոնի վարիչը (դասավանդել է «ֆոտոկոմպոզիցիա» և «օպերատորական վարպետություն»)։

Ա. Յավուրյանի գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ պետության եւ թե՛ հասարակայնության կողմից։ Նրան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ  և Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատը» ստեղծագործական վաստակի համար (2005)։ Հայաստանից դուրս լայնորեն ճանաչված, «Նիկա» միջազգային կինոակադեմիայի անդամ։

Ալբերտ Յավուրյանը մահացել է 2007 թվականի նոյեմբերի 3-ին։