Ինչպես էր հայ պարուհին Ցեղասպանության 100-րդ տարելիցին թուրքական համալսարանում հայկական պար բեմադրել

Վանաձորցի պարուսույց Անահիտ Սարիբեկյանը Թուրքիայի Սակարիայի համալսարանում հայկական պարի դաս անցկացնելու հրավեր ստացել է 2013թ.-ին, սակայն միայն երկու տարի անց է որոշել թուրքերի համար վարպետության դաս կազմակերպել:

«Համաժողովներից մեկի ժամանակ Քոչարիի վարպետության դաս էի տալիս, երբ Թուրքիայի Սակարիա քաղաքի համալսարանի պարավեստի ամբիոնի մասնագետներն ինձ հրավիրեցին՝ հայկական պարի վարպետության դաս անցկացնելու: Ճիշտն ասած, չէի կարողանում այդ քայլին գնալ:

2015թ.-ին Մոսկվայից Հռոմ մեկնելիս չվերթս Ստամբուլով էր: Հենց Ստամբուլի օդանավակայանում էլ որոշում կայացրի Ցեղասպանության 100-րդ տարելիցին թուրքական համալսարանում հայկական պար բեմադրել»,- ասում է Անահիտ Սարիբեկյանը, որն արդեն 3 տարի է՝ աշխատում է Աթենքում:

«Պատմության մեջ չի եղել մի դեպք, որ թուրքը հային հրավիրի և  հայկական պարի: Ինքս շատ հուզված էի, համարյա լալիս էի: Մինչև հիմա փշաքաղվում եմ, երբ հիշում եմ: Հող, որը մերն է եղել, հող, որտեղից մեզ բնաջնջելով, նսեմացնելով քշել են.. ինձ էլ հրավիրել են, որ հիշեցնեմ, թե ովքեր են եղել այդ հողի տերերը»:

Պարը, հայուհու խոսքով, ավելի մոտ է Աստծուն. «Պարը մի աշխարհ է, որն օգնում է Աստծո հետ անմիջական կապի մեջ մտնել և բնությանը համահունչ ապրել: Պարը միայն արհեստականորեն ձեռքն ու ոտքը շարժելը չէ: Բոլորս ենք պարում: Օրինակ, առավոտյան արթնանում ենք ու մեր մարմինը ձգում ենք, դա արդեն իսկ պար է»:

Պարուսույց, պարագետ, բեմադրիչ, երգչուհի Անահիտ Սարիբեկյանը ծնվել է Վանաձորում, արվեստագետների ընտանիքում: Մինչև Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվելը հայրն աշխատել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, «Հորովել» երգի-պարի պետական անսամբլում: Մայրը նույն համույթի պարուհիներից է եղել:

Անահիտը նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի համաշխարհային խորհրդի (CID)  անդամ է: Աբստրակտ մոնումենտալ պարային ոճի հեղինակն է: