Խորանաշատ վանք․ որտե՞ղ է գտնվում Հայաստանի ամենանշանավոր կրթական ու վանական կենտրոններից մեկը

Խորանաշատ վանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից 2.5 կմ հյուսիս-արևելք։

Խորանաշատը եղել է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկը։ Խորանաշատի վանքը հիմնել է Վանական Վարդապետը 13-րդ դարի առաջին կեսին, Վահրամյան իշխանների հովանավորությամբ:
Խորանաշատի վանքն եղել է գրչության կենտրոն: Մեզ են հասել այնտեղ գրչագրված մեկ տասնյակ ձեռագրեր: Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագիտական թեքում ունեցող բարձրագույն տիպի դպրոց, որտեղ ուսանել են 7–8 տարի:


Վանքն այսօր կիսավեր վիճակում է: Խորանաշատի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Կիրակի և Սուրբ Ճգնավոր եկեղեցիներից ,Գավթից և Օժանդակ շինություններից։

Սուրբ Աստվածածին եկեղեցին համալիրի գլխավոր շինությունն է։ Ունի իշխող դիրք հուշարձանախմբի և շրջակա միջավայրի վրա։ Եկեղեցու հիմնադրման ժամանակի մասին մատենագրական և վիմագրական աղբյուրներում ոչինչ չկա։ Համաձայն եկեղեցու արևմտյան մուտքի վերնամասի արձանագրության, մուտքը կառուցել է ոմն Սերոբի հովանավորությամբ՝ 1211 թվականին։

Սուրբ Կիրակի եկեղեցին գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցուց 4 մ հարավ։ Նրա կառուցման վերաբերյալ տեղեկատվություն ներ չեն պահպանվել։ Ըստ աղբյուրների այն կառուցվել է 13-րդ դարում։

Սուրբ Ճգնավոր եկեղեցին գտնվում է պարսպից մոտ 150 մ արևելյան ուղղությամբ։ Ներկայումս կիսավեր վիճակում է։ Պահպանված բեկորները ցույց են տալիս, որ եկեղեցին իր հատակագծային և ծավալատարածական հորինվածքով նման է եղել Սուրբ Կիրակի եկեղեցուն։ Նրա շրջակայքում պահպանվել են մի շարք տապանաքարեր։ Հնարավոր է, որ այնտեղ եղել է գերեզմանոց։

Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանն ունի 10 կիսաշրջանաձև խորշեր, ինչից էլ վանքը ստացել է իր անունը: