25 տարեկան հասակում այս հայի ստեղծագործություններից մեկն արժանացավ Ստալինյան առաջին կարգի մրցանակի. գիտե՞ք՝ աշխարհահռչակ որ կոմպոզիտրի մասին է խոսքը

Խոսքը աշխարհահռչակ կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի մասին է: Նա աշխարհահռչակ դարձավ հատկապես իր շեփորի կոնցերոտվ, որը ամերիկյան ամենատարածված օրաթերթերից մեկի՝ Նյու Յորք Թայմսը նկարագրեց որպես հնչեղ:

Ալեքսանդր Հարությունյանը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում: Հայրը՝ Գրիգոր Հարությունյանը զինվորական էր։

1927 թվականին Հարությունյանը դառնում է Երևանի պետական կոնսերվատորիայի մանկական խմբի անդամ, ապա, տասնչորս տարեկանում նրան թույլատրում են ուսանել կոնսերվատորիայի ստուդիայում, որը ավարտում է  Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։

Ալեքսանդր Հարությունյանը ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական և դաշնամուրի բաժինները: Կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան ստուդիայում։

1954-1991 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար։

1970-2008 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թվականից՝ պրոֆեսոր):

Ալեքսանդր Հարությունյանը Խորհրդային Միության և Հայաստանի կոմպոզիտորների միությունների անդամ էր։

1948 թ. Հայրենիք կանտատի համար նա պարգևատրվել է Ստալինյան մրցանակով, որի վերջին հատվածը գրել էր դեռ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող եղած ժամանակ։ Առաջին անգամ այն կատարեց ԽՍՀՄ Ռադիոյի երգչախումբը և նվագախումբը 1948 թվականի նոյեմբերին։

1949 թ. Հարությունյանը գրում է «Տոնական նախերգանք»-ը, որն առաջին անգամ կատարվում է Լենինգրադի ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում, Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ։ Մոսկվայի երաժշտական կոնգրեսի ընթացքում Արամ Խաչատրյանը ներկայացնում է նրան որպես խոստումնալից խորհրդային կոմպոզիտոր։

Նա շարունակում է իր ստեղծագործությունների հաղթական երթը հայրենիքում և արտերկրում, որոնցից շատերի համար ոգեշնչման աղբյուր էին հանդիսանում հայկական երաժշտության ազգագարական ավանդույթները:

Ի դեպ, Ալեքսանդր Հարությունյանի գործերը կատարել են Եվգենի Մռավինսկին,Վալերի Գերգիևը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Գենադի Ռոժդենստվենսկին, Լորեն Մազելը, Օհան Դուրյանը և ուրիշներ: Նրա ստեղծագործությունները հրատարակել են աշխարհի լավագույն հրատարակչությունները:

 Հայտնի կոմպոզիտորը մահացել է 2012 թվականի մարտի 28-ին և թաղվել Կոմիտասի անվան պանթեոնում: