Ինչպե՞ս աշխարհի քաղաքացին վիրավորված հեռացավ իր այդքան սիրելի աշխարհից
1995 թվականին Մեսրոպ Մովսիսյանը, հաղորդավարուհի Գայանե Փայտյանն ու կինոռեժիսոր Հովհաննես Հակոբյանը Ենգիբարյանի հոբելյանի կապակցությամբ որոշեցին ֆիլմ պատրաստել, սակայն տեսաերիզի պարունակությունն առեղծվածային կերպով ջնջվեց։ Ընդ որում, ժապավենի վրա երեք ֆիլմ կար, երկուսը մնացին, իսկ Ենգիբարյանին վերաբերող հատվածն անհետացավ։
«Իսկական առեղծված էր, թե ինչպես երկու կինոնկարի արանքում եղած ֆիլմը ջնջվեց։ Անհասկանալի է, թե ինչն էր պատճառը։ Իհարկե, կարող է` ինչ-որ մեկը ջնջած լիներ, սակայն անհնար է ջնջել երկու այլ ֆիլմերի արանքում եղած տեսագրությունը»,- ասաց կինոռեժիսոր Հովհաննես Հակոբյանը։
«Նա ուրախություն էր պարգևում մարդկանց։ Բայց ինչու՞ այդպես եղավ, չգիտեմ… Եթե առեղծվածների հավատանք, ապա կարծում եմ, որ նա աշխարհից հեռացավ նեղացած։ Եվ ինչպես մի անգամ ասաց դերասան Ռոլան Բիկովը, նա գիսաստղ էր, որն անցավ Երկրի կողքով ու լուսավորեց իր ճանապարհը»,- ասաց Մովսիսյանը։

Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը հիշում է, որ Ենգիբարյանը երաժշտություն էր շատ սիրում, հատկապես` Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, հաճախ ռուսական հայտնի երգեր էր երգում։
Պետրոսյանը հիշում է, որ Ենգիբարյանն անգամ մի վայրկյան ազատ ժամանակ չուներ, առավոտից փորձ էր անում, երեկոյան երկու-երեք կամ նույնիսկ ավելի շատ ներկայացումներ էր տալիս, իսկ եթե ազատ րոպե էր գտնում, պարզապես շփվում էր մարդկանց հետ։
Եվ հետո նա տժվժիկ էր շատ սիրում։ Ամեն անգամ, երբ իմանում էր, որ Սոս Պետրոսյանի մայրը տժվժիկ է պատրաստել, հյուր էր գնում նրանց։

Ենգիբարյանի ելույթների ժամանակ դահլիճում սովորաբար ասեղ գցելու տեղ չէր լինում։ Բազմակողմ ու տաղանդավոր համարները մինչ օրս էլ որևէ մեկը չի կարողացել կրկնել։ Պետրոսյանի խոսքով` նա կարողանում էր կատարել կրկեսային բոլոր հնարքները, անգամ` բարդ ակրոբատիկ շարժումները։
«Ենգիբարյանին հաճախ էին այս կամ այն քաղաք հրավիրում նրա ծրագրով գումար «աշխատելու» համար։ Պետք է որոշակի պլան կատարեին, ու Ենգիբարյանն էլ չէր մերժում նրանց»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռուսաստանում Ենգիբարյանին ռուս են համարում, Հայաստանում` հայ, Եվրոպայում` եվրոպացի։ Իրականում նա աշխարհի քաղաքացի էր` բարի և խոցելի, լուսավոր և թախծոտ։ Մարդ, որը հովանոցը ձեռքին և հույսը սրտում քայլում էր բարակ պարանի վրայով, իսկ պարանը հյուսված էր ցանկություններից, տխրությունից ու սիրուց։