Նրա ղեկավարած գումարտակի մասին բարձր գնահատանքով էին խոսում ինչպես զինվորական հրամանատարությունը, այնպես էլ ժողովուրդը. ճանաչենք հայրենասեր ազատամարտիկին

Խոսքը հայ ազատամարտիկ Գրիշա Ռաֆայելի Ազիզյանի մասին է, ով ծնվել է 1962 թվականին Արցախի Մարտունի քաղաքում:

Artsakh | NEWS

 Նախ սովորել է Մարտունիի ութամյա դպրոցում։ Ավարտել է Երևանի ճարտարաշինարարական համալսարանը։ 

Գրիշան ծառայել է խորհրդային բանակի շարքերում, իսկ ծառայությունից հետո բնակություն է հաստատել Սարատով քաղաքում և աշխատել այնտեղ։ 

Արցախյան շարժման տարիներին վերադարձել է ծննդավայր: Ի դեպ, այդ ընթացքում կրտսեր եղբայրը՝  Ժիրայրը ընդհատակյա ակտիվ գործունեություն էր սկսել պաշտպանական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։

Գրիշան անմիջապես զինվորագրվել է հայրենի բնակավայրի պաշտպանության համար մղվող պայքարին։ Նրա ձևավորած ջոկատը ռազմական ուղղին սկսեց հարազատ թաղամասի ինքնապաշտպանությունից։ Կարճ ժամանակահատվածում հրամանատարական բարձր ունակություններով աչքի ընկած Գրիշան սկզբում նշանակվեց վաշտի, ապա նաև գումարտակի հրամանատարի պաշտոններում։

Նրա ղեկավարած գումարտակի մասին բարձր գնահատանքով էին խոսում ոչ միայն զինվորական հրամանատարությունը, այլ նաև ժողովուրդը։ Գումարտակը մասնակցել է ինչպես շրջանի, այնպես էլ այլ բնակավայրերի ազատագրման և պաշտպանության գործողություններին` հատկապես աչքի ընկնելով Ավդալ֊Գյուլափլուի, Ֆիզուլիի,Քյալբաջարի, Հորադիզի, Ամիրանլարի, Մաճկալաշենի, Ղարադաղլուի, Կուրապատկինոյի, Մուղանլուի, Մարզիլուի, Վերին Վեյսալուի, Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Աղդամի, Հադրութի ազատագրական մարտերում։ 

1994 թվականին ամենաթեժ գործողությունների ժամանակ նահատակվել է Գրիշայի հարազատ եղբայր՝ Ժիրայրը։ Գրիշա Ազիզյանը միշտ եղել է ենթակաների կողքին և անձնական օրինակով առաջնորդել նրանց մարտական գործողությունների ամենաթեժ կետերում։

Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Գրիշա Ազիզյանը արժանացել է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանի։ 

Գրիշան մահացել է 2018 թվականի ապրիլի 28-ին: