Շարունակելով բացահայտել Հայաստանի եկեղեցիները․ Եղեգիս գետի ձորալանջին գտնվող ավերված հրաշքը
Հորմոնի վանքը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում՝ Եղեգիս գետի ձորալանջին։ Վանքը նաև հայտնի է Ահերմոնի կամ Կնեվանք անվանումներով։

936 թվականին հիմնադրվել է Սմբատ իշխանի և եպիսկոպոս Հակոբի կողմից։ Վանքը հայտնի է եղել որպես խոշոր կրոնական և մշակութային կենտրոն, որտեղ գործունեություն են ծավալել նշանավոր փիլիսոփաներ, արվեստագետներ, տարբեր ձեռագրերի հեղինակները:

1338 թվականին այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր Կիլիկեցի վարդապետը և նոր դպրոցի հիմք դրել (Հերմոնի վանքի դպրոց)։ Ներկայիս Սուրբ Գրիգոր եկեղեցին սրբատաշ բազալտով կառուցված մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկ է։ Քանդված են ծածկը և հարավային պատի մի մասը։ Վանքի ուղղանկյուն հատակագծով պարսպապատ տարածքում պահպանվել են համալիրի շինությունների հետքեր։