Այս ՀԱՅԸ Մարաղայի կոտորածից հետո ապահովել է Արցախ ուղևորվող բարոնուհի Քերոլայն Քոքսի անվտանգությունը. ճանաչենք հայազգի հերոսին
Խոսքը ազատամարտիկ Զաքար Ավանեսյանի մասին է: Ծնվել է 1970 թվականի մայիսի 13-ին Արցախի Հադրութ քաղաքում:
1977-1987 թթ. բարձր առաջադիմությամբ սովորել է Երևանի Նար-Դոսի անվան №14 դպրոցում։ 1987-1989 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Այնուհետև ընդունվել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի պատմաբանասիրական ֆակուլտետը։
Արցախյան պատերազմի սկզբին զինվորագրվել է Արցախյան ազատագրական շարժմանը։ Թեժ մարտերի օրերին Զաքարը մեկնել է Հյուսիսային Կովկաս՝ անհրաժեշտ բեռներ ու զինամթերք բերելու։ Հայտնվելով Ադրբեջանի հատուկջոկատայինների տեսադաշտում՝ 1990 թվականին Արթուր Մկրտչյանի աջակցությամբ վեց ընկերների հետ տեղափոխվել է Երևան։ Նա ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, սակայն դասերին հաճախելու փոխարեն կրկին մեկնել է Արցախ։ Այնտեղ նա զինվորագրվել է «Ցեղակրոն» կամավորական ջոկատին։ Պայքար է մղել Շուշում, Կիչանում, Վաղուհասում, Բերդաձորում, Արմենավան և այլ վայրերում: Մասնակից է դարձել Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին։
Զաքարը «Հայ ազգայնականների ճակատ» կազմակերպության ակտիվ անդամներից էր, նրա ջանքերով ստեղծվել են մարտական ջոկատներ։ Մասնակցել է նաև զենք հայթայթելու, հետախուզական, քարտեզ գծելու աշխատանքներին:
Մարաղայի կոտորածից հետո ապահովել է Արցախ ուղևորվող բարոնուհի Քերոլայն Քոքսի անվտանգությունը:

Քոքսն այցելել է բոլոր այն երկրները, որտեղ զանգվածաբար ոտնահարվել են մարդկանց և ժողովուրդների իրավունքները։ Հաճախակի եղել է նաև ԽՍՀՄ-ում մասնակցել մարդու իրավունքների և որբ երեխաների խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովներին։
Բացի այդ ազատամարտիկը մասնակցել է խորհրդարանի նիստերին, օգնել զոհված ազատամարտիկների հարազատներին:
Ազատամարտիկ-ուսանողը զոհվլ է 1992 թվականի հունիսի 29-ին Տոնաշեն գյուղում մղված թեժ մարտերի ժամանակ։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր պանթեոնում։