Այս ՀԱՅԸ Հին Երուսաղեմի հայկական թաղամասում կառուցել է 32 բնակարանով շենք և տրամադրել հայ չքավոր ընտանիքներին. ճանաչենք հայազգի բարեգործին

Նկարում Շահե արքեպիսկոպոս Աճեմյանն է՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր-դեկանը:

Աճեմյանը ծնվել է 1926 թվականի հուլիսի 24-ին Հալեպում: Սկզբում սովորել է տեղի Հայկազյան վարժարանում: 1938 թվականին ավարտել է Մխիթարյան հայրերի վարժարանը, 7 տարի անց՝ Հալեպի ֆրանսիական քոլեջը, այնուհետեև ավարտել է Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը, իսկ 1951 թվականին՝ Բրյուսելի համալսարանը։

1960 թվականին հրավիրվել է Երուսաղեմ և 5 տարի անց եպիսկոպոս ձեռնադրվել։

1975 թվականին նշանակվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում։ Եղել է Հայոց պատրիարքարանի պաշտոնական հանդեսի «Սիոն» ամսագրի խմբագիր։

1982 թվականին հիմնել է Ձիթենյաց լեռան Հայ Աստվածաշնչի կենտրոնը։ 1960-1994 թվականների ժամանակահատվածում եղել է Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ և Կալվածոց տեսուչ, լուծել է վանքապատկան հողերի ու կալվածքների իրավակարգի խնդիրը Իսրայելում։ 1994 թվականին տեղափոխվել է Հայաստան։

1995-2005 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դեկանը: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետին է նվիրել իր գրադարանը, հիմնել իր անունը կրող մասնագիտացված գրադարան։ Շահե Աճեմյանի նախաձեռնությամբ 2001 թվականին հիմնվել են «Աճեմյան մատենաշարը» և աստվածաբանության ասպիրանտական ուսումնառությունը:

Աճեմյանի շնորհիվ Հին Երուսաղեմի հայկական թաղամասում, կառուցվել է 32 բնակարանով շենք և տրամադրել հայ չքավոր ընտանիքներին:

Շահե Աճեմյանը հեղինակ է բազմաթիվ գրքերի ( «Գիրք սաղմոսաց Դավթի», «Մայր ցուցակ հայ Աստվածաշնչի ձեռագիրներու», «Քերականություն արաբերեն լեզուի» և այլն ) և շուրջ 150 հոդվածի: Այդ հոդվածները տեղ են գտել «Հասկ», «Սիոն» և «էջմիածին» հանդեսներում։

2001 թվականին սկիզբ է դրել «Աճեմյան մատենաշարին», որով հրատարակվել են բազմաթիվ հետազոտություններ ու սկզբնաղբյուրներ։

Շահե Աճեմյանը մահացել է 2005 թվականի հուլիսի 13-ին և ամփոփված է Էջմիածն Սուրբ Գայանե վանքի գերեզմանատանը: