Եզակի փաստաթղթեր Այնթապի ինքնապաշտպանությունից. ինչպե՞ս էին ՀԱՅԵՐԸ կյանքի կռիվ տալիս (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Այնթապի ինքնապաշտպանական ժամանակաշրջանի եզակի փաստաթղթերն ու լուսանկարները համալրեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն։ Ընդհանուր առմամբ, շուրջ 20 հազվագյուտ փաստաթղթեր և ավելի քան 130 օրիգինալ լուսանկարներ նոր հավաքածուի մեջ, որոնք կապված են 1920 թվականին Այնթապի հայերի հերոսական դիմադրության հետ:

Այնթապի հայերի պաշտպանական մարտերը թուրք ապստամբների դեմ տեղի են ունեցել 1920-1921 թվականներին։ «Հայկական հարց» հանրագիտարանի համաձայն՝ 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո քաղաք է վերադարձել 1915 թվականին Այնթափից տեղահանված և Սեբաստիայից հայ գաղթականների մի մասը՝ ընդամենը 18 հազար մարդ։

Սակայն 1919 թվականի աշնանը ծավալված թուրքական ազգայնական շարժման և քաղաքը բռնազավթող ֆրանսիական իշխանությունների երկդիմի քաղաքականության արդյունքում իրավիճակը շատ տագնապալի դարձավ, և քաղաքի բնակչությունը սկսեց պատրաստվել ինքնապաշտպանության։

Այն բանից հետո, երբ ֆրանսիական զորքերը թողեցին Մարաշը և Այնթապը, թուրքերը 1920թ. ապրիլի 1-ին գրոհեցին հայ բնակչության և քաղաքում մնացած ֆրանսիական կայազորը։

Հայերը դիմադրություն ցույց տվեցին։ Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի վերջ։ 1920թ. մայիսի 30-ին Անկարայում ստորագրված զինադադարի համաձայն՝ ֆրանսիական զորքերը պետք է լքեին Այնթապը՝ դրանով իսկ հայ բնակչությանը թողնելով բախտի քմահաճույքին։

Սակայն հուլիսի 29-ին թուրքերի ռազմական գործողություններն ու ոտնձգությունները վերսկսվեցին և կրկին ստիպեցին հայերին ինքնապաշտպանության դիմել, որը տևեց մինչև 1921 թվականի փետրվարի 8-ը։ 1921 թվականի հոկտեմբերին Անկարայում Թուրքիայի և Ֆրանսիայի միջև պայմանագիր կնքելուց հետո Այնթապահայերը ստիպված եղան լքել իրենց հայրենի քաղաքը և բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում։