«Մեր գյուղը թուրքերին մոտ ա, սաղ տունս-տեղս կորցրել եմ». Վլադիկը ոչ միայն տունն է կորցրել, այլ նաև տան հենասյունը՝ 25-ամյա ՀԵՐՈՍ որդուն

«Իմ տղան զոհվել ա, ախպորս տղան զոհվել ա, քրոջս տղեն անհետ կորած ա»,- կսկիծով ասում է 58-ամյա Վլադիկ Ավանեսյանը, որի կյանքը 44-օրյա պատերազմի հետևանքով ամբողջովին շրջվել է։

Վլադիկ Ավանեսյանի համար այս պատերազմը երրորդն էր։ Պատերազմի սկսվելուն պես առաջնագծում է եղել երկու որդիների հետ միասին։ Ասում է՝ ամբողջ կյանքն անցավ մարտի դաշտում, այս կռվի ժամանակ կորցրեց ոչ միայն Մարտունի շրջանի Շեխեր գյուղում իր տունն ու երկար տարիներ ստեղծած ունեցվածքը, այլևս 25-ամյա որդուն։ 

samvel

«Մեր գյուղը թուրքերին մոտ ա, սաղ տունս-տեղս կորցրել եմ,120 տոննա ցորեն, գարի ունեի պահեստներումս, երկու հատ կոմբայն, ամեն ինչ էլ ունեցել ենք, սաղ թողել ենք։ Էսքան կորցրել եմ՝ աչքիս չի գալիս, էդքան զոհեր տեսել եմ, էդ ա ստրաշնին, գլխիս մի սպիտակ մազ չի եղել, հիմա սաղ սպիտակ ա»,- ասում է Վլադիկ Ավանեսյանը։

Վլադիկ Ավանեսյանի որդին՝ Սամվել Ավանեսյանը, զոհվել է Մարտունիում անօդաչու թռչող սարքի հարվածից։ Մայրը՝ 49-ամյա Զինա Սահակյանը պատմում է, որ նոյեմբերի 7-ին առավոտյան խոսել է որդու հետ, որից հետո ողբերգական դեպքը եղել է։

«Ասեցի՝ Սամվել, ո՞նց եք, ի՞նչ կա, ասեց՝ մամա, կզանգեմ ու… էլ չզանգեց»,- հուզվում է մայրը։

Հայրը պատմում է, որ նախորդ օրը երեկոյան որդուն հանդիպել է Ստեփանակերտում։ 

«Ասեց՝ կարող ա իրար չտեսնենք, եկել էր, որ հանդիպեր։ Հաց էի սարքել, բայց հաց չկերավ։ Հեռախոսով խոսաց, մեկ էլ ասեց՝ պապա, մեքենա են խփել, ասեց՝ վռազ գնում եմ, դե, գնաց Մարտունի․․․»

Առավոտը զանգում են ու ասում՝ Սամվելիկը մահացել ա։ Գնացել էր մեքենան հանելու, իրան էլ էին խփել։ Գնացինք մորգ, տեսանք՝ ասկոլկան գլխին»,- հուզմունքը զսպելով պատմում է Վլադիկը։

samvel

25-ամյա Սամվել Ավանեսյանը պայմանագրային զինծառայող էր, դիպուկահար։ Արտաքնապես գեղեցիկ, բարձրահասակ, ընկերասեր ու բարեկամասեր․ այսպես է նկարագրում հայրը որդուն։ 

Սամվելն ամուսնացած էր, երկրորդ երեխան դեռ չէր ծնվել, երբ զոհվեց։ 

«Մեկ երեխա ուներ, զոհվելուց հետո մի երեխան էլ ծնվել ա։ Մեծ աղջիկը՝ Սոֆին, 2 տարեկան ա, փոքրիկը՝ Մերին 4 ամսական»,- ասում է հայրը ու շարունակում, որ տղան բազմաթիվ պլաններ ուներ երեխաների ու ընտանիքի հետ կապված՝ լոխ մնաց կիսատ-պռատ։

Հայրն ասում է, որ մի քանի պատերազմ է տեսել, բայց վերջինը շատ տարբեր էր: 

«Կռվում չամիչ չեն բաժանում, լինում են զոհեր, բայց ոչ էս ձևի, էսքան զոհ տվեցինք։ Եթե օդը փակած լինի, ուզում ա չորս պետություն գան, ոչ մի բան չեն կարա անեն։ Սաղ օդն ա, խրամատներում որ շատ էին հավաքվում, որ ուժին անեին, խփում էին»,- ասում է Վլադիկը ու նշում, որ կսկիծը սրտում հիմա հաճախ է գնում Եռաբլուր, որտեղ որդին է հուղարկավորված։

Ասում է՝ այսքան դեպքերից հետո էլ ապագան չի պատկերացնում․ «Ի՞նչ ապագա, ի՞նչ ասեմ, սաղ կորցրինք»։