Այս տղաների սխրանքի մասին ոչ մի տեղ չի խոսվում. 27-ամյա ՀԵՐՈՍ Հարություն Մկրտչյանը զոհվել է պատերազմի ավարտից շաբաթներ անց՝ Խծաբերդում
«Շոկի մատնվեցինք, չէի պատկերացնի, որ իմ կյանքը տենց տակնուվրա կլիներ»,- հուզմունքով ասում է Նելլի Սահակյանը, որն ամուսնուն կորցրել է 44-օրյա պատերազմի ավարտից շաբաթներ անց՝ Խծաբերդում և Հին Թաղերում հակառակորդի հարձակման ժամանակ։
Նելլին պատմում է, որ ամուսինը՝ 27-ամյա Հարություն Մկրտչյանը, պատերազմի ժամանակ Ջրականում է եղել, մասնակցել է թեժ մարտերին, այնուհետև տուն է վերադարձել, սակայն պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 26-ին, ամուսնուն կրկին կանչել են՝ Լաչին տանելու նպատակով:
Վերջին անգամ Հարությունի հետ ընտանիքը կապ է հաստատել դեկտեմբերի 11-ին՝ երեկոյան ժամը 6-ին։ Նա ասել է, որ առավոտյան դիրքերից իջնելու են և տուն վերադառնան, բայց «Էդ վաղը չեկավ»։

Խծաբերդում և Հին Թաղերում տեղի ունեցած մարտի մասին Մկրտչյանների ընտանիքը տեղեկացել է լուրերից: Նելլին հույս ուներ, որ ամուսինը ողջ կլինի, քանի որ զոհերի մասին չէր հիշատակվում․ «Սիրտս վախենում էր, բայց չէին ասում, որ զոհ կա, դրա համար մի քիչ արխային էի»։
Ընտանիքը Հարությունից ոչ մի զանգ չստանալով և իմանալով, որ Խծաբերդում մարտեր են եղել, փորձում է կապ հաստատել զորամասի հետ, ճշտել՝ արդյոք որևէ տեղեկություն կա՞ տղաներից․ «Ասեցին, որ չեն կարողանում կապ հաստատել, տեղյակ չեն, մինչև ամսի 17-ը մերոնք գնացին Արցախ, վերադարձան, տեղեկություններ չէինք կարողանում ստանալ։ Վերջին պահին ռուսների գեներալը զանգել ա, ասել՝ 9 զոհ ունենք… Ամսի 17-ին իմացանք, որ տղերքը չկան»,- կսկիծով ասում է Նելլին ու ցավով նշում, որ տղաների հերոսության մասին որևէ տեղ չի խոսվում։
«Մինչև այսօր տղաների անունները չի շոշափվում, չեն խոսում, ոչ մի տեղ չկան իրենց անունները, չեմ հասկանում՝ ինչի են թաքցնում։ Տղաները մինչև վերջ կռիվ են մղել թնամու դեմ, իրենց զենքը վերջացել էր, օգնություն են խնդրել, բայց օգնությունը չի հասել, ինչի՞ չի հասել՝ դա էլ չգիտենք»,- հուզվում է կինը:
Հարություն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։
Նելլին ասում է՝ ամուսնու կորստի հետ հաշտվել չի կարողանում․ «Տղես անընդհատ հարցնում ա, ասում ա՝ ո՞ւր ա պապան, ինչի՞ չի գալիս, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ…»- հուզվում է Նելլին։
Նելլին և Հարությունն ամուսնացել են 2014-ին։ Երկու երեխա ունեն՝ 4-ամյա Սեյրանը և 1-ամյա Եվան։ «2020-ին՝ չարաբաստիկ տարում ծնվեց աղջիկս։ Օգոստոսի 21-ին ծնվեց, հայրը սեպտեմբերին մեկնեց, մի ամիս բան ա տեսել երեխային»,- ասում է Նելլին։
Նելլին ասում է, որ զգացմունքները խառնվել են, մի կողմից հպարտ է, որ ամուսինը հերոսաբար պայքար է մղել, մյուս կողմից՝ ցավն է ու կսկիծը․ «Մեր կյանքը կանգ առավ։ Ինձ Հարութից մնացին մի շքանշան ու երբեք չմեռնող կարոտ»։