44-օրյա պատերազմում նահատակված ՀԵՐՈՍ սպան՝ 36-ամյա Սերժիկ Հովսեփյանը. Ճանաչե՛նք մեր հերոսներին

«Էդ պահին ինձ համար ամեն ինչ վերջացավ, պրծավ»,- ապրումներն է նկարագրում 32-ամյա Արգինե Տոնոյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն՝ 36-ամյա Սերժիկ Հովսեփյանին։

Արգինեն և Սերժիկը մինչև պատերազմը բնակվել են Հադրութում: Սերժիկ Հովսեփյանը զինվորական էր, լեյտենանտի կոչում ուներ, 13 տարվա սպա։ Ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, սկզբնական շրջանում ծառայել է Ջրականում, այնուհետև տեղափոխվել Հադրութ։

Արգինեն պատմում է՝ պատերազմի լուրն իմանալուն պես մեկնել է առաջնագիծ և մասնակցել Ֆիզուլիի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 12-ին զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

serzhik

Կինն ասում է, որ շոկային էր լսել ամուսնու զոհվելու մասին։ Ասում է՝ հաճախ էր ամուսնու հետ խոսում, ամուսինը միշտ հանգստացնում էր, թե ամեն ինչ լավ է, պատերազմը շուտով կավարտվի: Չնայած գիտեին, որ հարձակում է եղել, և ամուսնու հեռախոսն անհասանելի էր, բայց միայն 3 օր անց է իմացել ամուսնու զոհվելու մասին․ 

Սակայն լուրն իմանալուց հետո ավելի դաժան շրջան է սկսվել, երբ կինը գիտեր, որ ամուսինը զոհվել է, բայց մարմինը չէին կարողանում հանել մարտի դաշտից։ 

«Հոկտեմբերի 12-ին ա դեպքը եղել, դեկտեմբերի 3-ին են մտել տարածք, անճանաչելի ա եղել։ Մարտի 25-ին նոր ԴՆԹ-ով հաստատվեց»,- ասում է նա:

Արգինեն ասում է՝ լուրն իմանալուն պես կյանքը միանգամից մթնեց, կորցրեց իմաստը:

Արգինեն և Սերժիկը 12 տարվա ամուսիններ էին, երեք երեխա ունեն՝ 10-ամյա Էդմոնը, 8-ամյա Յունան և 4-ամյա Էդվինը։

Ուրախ, կյանքով լի, ընկերասեր ու բարեկամասեր՝ այսպիսին էր Սերժիկը: 

Արգինեն ասում է՝ փորձում է ուժեղ լինել, ամեն ինչ անել, որ երեխաները քիչ տխրեն. «Երեխաների համար եմ ապրում, ինքը միշտ ուզում էր, որ երեխեքը լավ լինեն»։