Շնորհավոր երկնային ծնունդդ, Ազգի Հերոս. Այսօր 44-օրյա պատերազմի հերոս գյումրեցի Ազատ Հեքիմյանի ծննդյան օրն է

Այսօր գյումրեցի հերոս, հատուկ ջոկատային Ազատ Հեքիմյանի ծննդյան օրն է։

Ազատը ծնվել է 2000թ. դեկտեմբերի 6-ին Մոսկվայում։  

Ժպտերես, շեկլիկ երեխա էր Ազատը, ոսկեգույն մազերով և կապտականաչ աչքերով։  

2000 թ. դեկտեմբերի 15-ին 9-օրական Ազատը եկավ Հայաստան. հորական պապիկը մահամերձ էր, ուզում էր տեսնել իր կրտսեր որդու թոռանը և անվանակոչել։ Գրկեց և ասաց. «Անունդ Ազատ եմ դնում, որ ազատ ապրես և կյանքում խոչընդոտների չհանդիպես»։  

azat

Այդպես էլ եղավ, նա ամբողջ կյանքում ձգտեց ազատությանը։ Աննկարագրելի հոգատար էր։ Բոլորին ուզում էր հասնել, օգնել և մխիթարել։ Շատ հումորասեր էր. բոլորի ուրախությունն էր Ազատը։  

Զինակիցների խոսքով նույնիսկ պատերազմի դաշտում Ազատը չէր դադարում հումորներ անել։ Իր մարդ տեսակի շնորհիվ Ազատը սիրված և հարգված է եղել բոլորի կողմից։ Մարդամոտ էր, ընկերասեր և ազնիվ։ Ով Ազատի հետ թեկուզ մի քանի րոպե խոսեր, Ազատը հավերժ կմնար այդ մարդու սրտի մեջ։  

zinvorner

2019թ եկավ Ազատի բանակ մեկնելու ժամը։ Դեռ չմեկնած, չէր համակերպվում այն մտքի հետ, որ այդ երկու տարին բացակայելու է բոլորիցս։ 2019թ հունվարի 15-ին Ազատը զորակոչվեց բանակ՝ իր պարտքը տալու հայրենիքին։ Ծառայության 6 ամիսը անցել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի զորամասում։ Իր լավ ֆիզիկական պատրաստականության շնորհիվ Ազատը ծառայել է որպես հետախույզ։ Նա շատ էր ուրախացել, որ հենց այդ խմբում է ծառայելու, քանի որ նա միշտ ուզեցել ունենալ հետաքրքիր ծառայություն,հաղթահարել բարդություններ և ունենալ մեծ զբաղվածություն։  

Նա այստեղ էլ կանգ չառավ։ Իր բարձր մարտունակության շնորհիվ 6 ամիս անց ծառայությունը շարունակեց ՀՀ հատուկ նշանակության զորքերում։ Չափից շատ գաղտնապահ էր, հավատարիմ էր իր զինվորական երդմանը։ Բանակային կյանքի ընթացքում Ազատը հանգստի ժամերին սկսում էր մտածել իր ապագայի, նպատակները իրականացնելու ուղիների մասին։  

Ազատը պատերազմի առաջին օրվանից աննահանջ պայքարել է թշնամու դեմ. եղել է Ջրականում, Հադրութում, Քարվաճառում, Սանասարում։ Ամենաբարդ առաջադրանքներ կատարելով պատերազմի ամենաթեժ կետերում մարտեր մղելով Ազատը վաստակել է ՀԵՐՈՍԻ կոչումը։ Զոհվել է քաջաբար հոկտեմբերի 20-ին Սարատակում՝ դիպուկահարի գնդակից։  

Շնորհավոր երկնային ծնունդդ, Ազգի Հերոս: