Խորհրդային Հայաստանում արգելվում էր Կոմիտասին պատկերել քահանայական հագուստով. ինչու՞ և ի՞նչ էին ստիպված անել նկարիչները
1969թ. ողջ աշխարհում և Խորհրդային Հայաստանում հայերը նշում էին Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, բանահավաք, երաժիշտ, դիրիժոր և երգիչ մեծ Կոմիտասի 100-ամյակը։ Այս իրադարձության կապակցությամբ Հայկական ԽՍՀ կառավարությունը որոշել է նկարել Գևորգյան հոգևոր ճեմարանի մեծ գմբեթը, որտեղ կենտրոնական տեղը կզբաղեցնի և կմիավորի Կոմիտասի դիմանկարը։
Հարկ է ասել, որ գրեթե յուրաքանչյուր հայ նկարիչ այսպես թե այնպես իր ստեղծագործության մեջ անդրադարձել է Կոմիտասի կերպարին։ Հայտնի են կոմպոզիտորի պատկերով 50-ից ավելի կտավներ, և հայ նկարիչների գրեթե բոլոր դիմանկարներն ունեն ընդհանրություն՝ Կոմիտասին պատկերում են քահանայի կերպարով։
Այս առումով կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված ճեմարանի որմնանկարները կարելի է եզակի համարել, քանի որ այստեղ Կոմիտասը պատկերված է աշխարհիկ կերպարով։ Բայց ինչու՞:
Որմնանկարների ստեղծման պահին Գևորգյան հոգևոր ճեմարանը Խորհրդային Հայաստանի կառավարության ենթակայության տակ էր և աշխատանքների պատվիրատուն ոչ թե եկեղեցին էր, այլ իշխանությունը։

Որմնանկարների հեղինակներից մեկը (իսկ դրանք չորսն էին՝ Աշոտ Մելքոնյանը, Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանը և Ռաֆայել Սարգսյանը)՝ նկարիչ Հակոբ Հակոբյանը, պատկերում է երգահանին քահանայի կերպարով, ինչպես որ ընդունված է։ Սակայն, երբ պատրաստի որմնանկարներին եկել էր նայելու Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը և Կոմիտասին տեսավ քահանայական կերպարով, նա պահանջեց անմիջապես հոգևորականից սովորական մարդու վերափոխել Կոմիտասին, քանի որ քահանան և կուսակցության քաղաքականությունն անհամատեղելի են։
Նկարիչը ստիպված է եղել ամբողջությամբ վերափոխել Կոմիտասին և հիմք է վերցրել Կոմիտասի կերպարը այն տարիներին, երբ կոմպոզիտորը երիտասարդ էր, աշխարհիկ հագուստ էր կրում և սովորում Գերմանիայում։
Խորհրդային դարաշրջանն այդպես է ազդել մեծն Կոմիտասի պատկերով որմնանկարի ստեղծման վրա։ Խորհրդային պաշտոնյայի «պարտադրանքի» տակ ստեղծված դիմանկարը եզակին է։ Գևորգյան ճեմարանի Կոմիտասը դուրս է գալիս պատկերային ավանդության շրջանակներից, բայց սա իր տեսակի մեջ միակ «աշխարհիկ» Կոմիտասն է՝ իր ստեղծման խորհրդավոր պատմությամբ։
2007-ին ճեմարանի վարչակազմը ցանկանում էր սկսել որմնանկարների վերականգնումը և Կոմիտասին վերադարձնել քահանայի սկզբնապես մտածված կերպարը, բայց… որմնանկարների հեղինակներ Աշոտ Մելքոնյանը, Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանը և Ռաֆայել Սարգսյանը չհամաձայնեցին։