Լսե՞լ եք Հաղպատավանքի անվան հետ կապված լեգենդը. այն ձեզ կապշեցնի

Լոռվա մարզի Հաղպատ գյուղում է գտնվում Հաղպատի վանական համալիրը:

Իդեպ, հենց Հաղպատում է կրոնավոր սքեմի տակ ապրել Սայաթ-Նովան:

Վանքի ընդհանուր համայնապատկերում առանցքային և գերիշխող դիրք է գրավում Սուրբ Նշան եկեղեցին (976-991), որը հիմնադրվել է Աշոտ Գ Բագրատունու և նրա կնոջ՝ նրա Խոսրովանույշի կողմից 976 թվականին: Ժամանակի ընթացքում ձևավորվել է համալիրի կորիզը կազմող հուշարձանախումբը։ Եկեղեցին արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագիծ ունի և անկյուններում տեղադրված են երկհարկ ավանդատներ: Հաղպատավանքի մուտքերը հյուսիսային և արևմտյան կողմերից են:

Ընդարձակ և միասնական ներքին տարածքը պսակվում է լայնանիստ և բարձրադիր գլանաձև գմբեթով: Արևելյան ճակատի վերին մասում խորաքանդակ պատկերված են Սմբատ և Գուրգեն (Կյուրիկե) թագավորները՝ կանգնած դեմ հանդիման, ձեռքերում՝ եկեղեցու մանրակերտը։ Եկեղեցու Ավագ խորանը և պատերի առանձին հատվածներ պատված են եղել որմնանկարներով, որոնցից միայն հետքեր են պահպանվել։ Ավագ խորանի պատին պատկերված է եղել գահին նստած Քրիստողը, իսկ դրանից ցած՝ «Ավետման», «Ծննդյան» և «Մկրտության» տեսարաններ:

Հարավային պատին ամբողջ հասակով նկարված են եղել Սադուն Արծրունու և նրա որդու՝ Խութլու Բուղայի պատկերները (13-րդ դար)։ 19-րդ դարի մատենագիր, Սանահինի վանքի վանահայր Հովհան Ղրիմեցին, հենվելով մի հին ավանդության վրա, Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը վերագրել է Անիի նշանավոր ճարտարապետ Տրդատին,ինչը հավանական են համարում նաև որոշ հետազոտողներ։

Բազմաթիվ լեգենդներ են պտտվում Հաղպատավանքի անվանման շուրջ: Ըստ լեգենդներից մեկի՝ Սանահինի իշխաններից մեկը, վանք կառուցելու նպատակով, իր մոտ է կանչում ճանաչված մի վարպետի: Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։ Սակայն աշխատանքի ընթացքում նրանց միջև վեճ է առաջանում: Կռվից հետո որդին թողնում է աշխատանքը և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրան և իր հետ հեռացած ենթավարպետներից մեկին և պատվիրում իր վանքը կառուցել:

Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»։ Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին։ Հենց այդ դեպքից հետո էլ վանքի անունը մնաց «Հաղպատ»: