Ինչպե՞ս երևանցի դպրոցականը գրավեց աշխարհը իր նկարներով։ «Պահպանիր նրան, Տիրամայր» ֆիլմի հերոսը

Առաջին հայացքից այս կտավները կարող են լուսանկարներ թվալ: Հենց այդ ինքնատիպ մտածողության ու ձեռագրի միջոցով էլ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի վրձնին պատկանող յուղաներկ ստեղծագործություններն առանձնանում են գեղանկարչության արդեն հայտնի ոճերից: Նյու Յորքում ստեղծագործող հայ նկարիչն այսուհետ ինքնատիպ արվեստանոց-ցուցասրահ կունենա հայրենիքում, որի դռները բաց կլինեն ոչ միայն այցելուների, այլև ստեղծագործողների համար:

«Յուրահատուկ նկարների ու առանձնացող աշխատանքների հեղինակը երևանցի դպրոցական Տիգրան Ձիթողցյանն է։ Տղայի գեղարվեստական մեծ շնորհքը հատուկ նշվել է Մոսկվայի, Լենինգրադի, Մադրիդի, Նյու Յորքի ցուցահանդեսներում»։  Այսպես է սկսվում հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայի 1990-ի նկարահանված «Պահպանիր նրան, Տիրամայր» ֆիլմը։

Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությունը, իր շնիկի հետ լճափին վազվզող տղան ու նրա աշխատանքներից նայող՝ ինչ-որ բան պատմող, զգուշացնող խոշոր աչքերը ընդմիշտ դրոշմվել են հանդիսատեսի հիշողության մեջ։

Ձորաղբյուրի Տիգրան Պետրոսյան 15 հասցեում է գտնվում մեծ արվեստանոց-ցուցասրահը։ Շրջակա կառույցներից միանգամից տարբերվող արվեստանոցի դռները համարյա միշտ բաց են, այն քեզ տեղափոխում է մի այլ իրականություն, որտեղ պարզություն է, մինիմալիզմ ու հանդարտություն։

Տիգրանի ծնողներն ապրում են Հայաստանում, այստեղ են նաև նրա հարազատներն ու բազմաթիվ ընկերները։ Այնպես որ՝ կապը հայրենիքի հետ երբեք կտրված չի եղել։

Կառույցը նախատեսված է թե՛ ցուցադրությունների և թե՛ արտերկրից ժամանած հյուրերի համար որպես փոքրիկ հյուրատուն։ Տիգրանը նախատեսում է իր արվեստանոց-ցուցասրահը վերածել մի վայրի, ուր, ինչպես 1960-80-ականների Երևանում էր, կամ էլ հենց ներկայիս Նյու Յորքում է՝ հաճախ կմտնեն արվեստասեր մարդիկ, արվեստագետներ ու արվեստաբաններ, կծանոթանան իր նոր գործերին ու կծավալեն քննարկումներ։

Տիգրանը նախատեսում է նաև Հայաստան հրավիրել իր կոլեգաներին ու ծանոթացնել հայ արվեստագետների հետ  ու նույնիսկ նրանց հրավիրել իր նյույորքյան արվեստանոց՝ նոր փորձառություն ձեռքբերելու, նոր միջավայրի ու մարդկանց հետ ծանոթանալու համար։

Արվեստանոցն առանձնահատուկ է նրանով, որ մուտքն այստեղ արգելված չէ, ու անավարտ գործեր տեսնելն էլ միանգամայն նորմալ է։

Ցուցադրության մասով Տիգրանը համագործակցել է արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցի հետ։ Այս համագործակցությունն առաջինը չէ, դեռևս 2015-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել էր Տիգրանի «Հայելիներ» շարքի ցուցադրությունը։