Հին Երևանյան շուկայի արևելյան կոլորիտը

«Ղանթարի» շուկան կամ «Չարսու» բազարը հին Երևանի առևտրական հրապարակներից մեկն էր։ Շուկան գտնվում էր ներկայիս Մանկական այգու տարածքում՝ Մովսես Խորենացի, Գրիգոր Լուսավորիչ, Զաքյան և Բեյրութի փողոցների միջև։ Ղանթարը պարսկերեն բառ է, որ նշանակում է՝ շուկայի մեծ կշեռք։ Վահան Թոթովենցն իր հուշում ներկայացնում է իր ժամանակի Երևանը, ապրող մարդկանց ու «Ղանթար»-ի շուկան։ Նա քայլում է շուկայում և իր ընթերցողին ցույց տալիս այդ թվականների Երևանի շուկան ու այնտեղ տիրող մթնոլորտը․

«Ղանթարը՝ Երևանի շուկայի կենտրոնը, շատ է փոխվել վերջին մի քանի տարիների ընթացքում, բայց նա չի կորցրել ինքնուրույն արևելյան կոլորիտը։ Կրպակները շատացել են, մանավանդ տեղական և հարևան երկրների ապրանքները․․․ Ահա մի պարսիկ, փոքրիկ հուրակի վրա մի քանի տժվժիկ է այրում, կողքին մի կողովի մեջ իր կապիտալն է դարսել արևելյան կշեռքը․․․  Քիչ դենը՝ մի ուրիշ «առևտուր» կա․ մորուսավոր, գդակով, չարուխով մի մարդ բլուլ է նվագում, թշերն ուռել են, հուզված է մինչև անգամ, ոչ ոքի ուշադրություն չի դարձնում, իսկապես նվագում է:  Շուկայի ամայի մասում, բայց կենտրոնում, կանգնած է մի ծերունի, որ եկել է Ալագյազի ստորոտից, ոչխար է բերել ծախելու, արհամարհում է ցուրտը, որովհետև թաղիքե գդակ ունի գլխին․․․։»

Շուկան խաչմերուկ էր, որտեղ բախվում էին տարբեր ժողովուրդների քաղաքակրթություններն ու կրոնական գաղափարախոսությունները։ Սակայն պիտի արձանագրենք, որ 19-20-րդ դարում «Ղանթար»-ի շուկան Երևանի ամենաբանուկ ու ամենաակտիվ վայրերից մեկն էր, որտեղ եղած Վահան Թոթովենցը նույնպես չէր կարողացել անտարբեր անցնել «Ղանթար»-ի շուկայով։