20-ամյա ՀԵՐՈՍ Կարեն Անտոնյանը ընկերների հետ խոցել է 13 տանկ, ոչնչացրել 78 հոգանոց դիվերսիոն խումբ. Ճանաչե՛նք մեր հերոսներին

«Ոչ մի դեղ, ոչ մի խոսք չի կարող ցավը գոնե մի փոքր մեղմել»,- հուզմունքով ասում է 18-ամյա Էլյա Անտոնյանը, որը 44-օրյա պատերազմի առաջին օրերին կորցրել է 20-ամյա եղբորը։

20-ամյա Կարեն Անտոնյանը ընտանիքի միակ տղան էր, ժամկետային զինծառայության էր մեկնել 2019-ին, 6 ամիս ծառայել է Գյումրիում, կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Ջրական, այնտեղ է ստացել սերժանտի կոչում։ Հաշվարկի հրամանատար էր, դիրքի ավագը։

Պատերազմի ժամանակ Կարենը երկու անգամ է կապ հաստատել ընտանիքի հետ, ասել՝ ամեն ինչ կարգին է, ընտանիքն անգամ չի պատկերացրել, որ Կարենը թեժ մարտերում է ընդգրկված։

karen

Սեպտեմբերի 30-ից հետո ընտանիքը Կարենի հետ այլևս կապ հաստատել չի կարողանում։ 

Փնտրտուքները երկար ժամանակ որևէ արդյունք չեն տալիս, ամիսներ անց՝ մարտի 8-ին, ստանում են ԴՆԹ պատասխանը, որով հաստատվում է նույնականացումը ծնողների ԴՆԹ-ի հետ։

«Առաջին օրվանից մենք ամեն հնարավոր բան արել ենք, հայրիկս անգամ գնացել է Ջրական, ասել էին՝ մենք Կարենին մի քանի օր առաջ տեսել ենք, դրանից հետո էլի մի քանի անգամ ա գնացել, գերիներից Արեգը որ եկավ, պատմեց ամեն ինչ, իր պատմածով տղաներին գտանք»,- պատմում է Էլյան։

Մարտի 10-ին Կարենի մարմինը հայտնաբերվում է։

Քույրն ասում է՝ գերությունից վերադարձած Կարենի ընկերը որոշ մանրամասներ է պատմել պատերազմում եղբոր գործողություններից և նրա հետ կատարված դեպքից։

«Արեգը պատմեց, որ 6 ընկերներով միասին են եղել, խոցել են 13 տանկ, ասեց՝ էդ ժամանակ Կարենն ա եղել իրանց դիրքի ավագը: Պատմեց, որ մոտ 78 հոգանոց դիվերսիոն խումբ են ոչնչացրել, ոչնչացնելուց հետո նրանց զենքերն են վերցրել։ Ասում էր՝ մոտը գրանատ կար, ասում էր՝ տղե՛րք, գերի չենք ընկնելու, մեզ տրաքացնելու եմ։ Հրազենային վնասվածքից եղբայրս զոհվել է»։

Քրոջ խոսքով՝ այդ օրվանից սկսած իրենց կյանքը շրջվել է, ասես կանգ առել։

Կարեն Անտոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, Արցախի նախագահի կողմից Արիության մեդալով և «Մարշալ Բաղրամյան» մեդալով։

quyry

Կարենը համեստ էր, աշխատասեր, խելացի, ուշադիր ու շատ հոգատար՝ ասում է քույրը։

Քույրն ասում է՝ շատ կապված էին միմյանց հետ։ Հիշում է, որ երբ հիվանդ էր, բարձր ջերմում էր, եղբայրն ինչ հոգատարությամբ էր  խնամում իրեն:

«Ես 15 տարեկան էի, եղբայրս աշխատանքից տուն եկավ, շորերը փոխեց, որ նորից գնա աշխատանքի, մայր ու հայրս աշխատանքի էին, մի քանի անգամ գնաց-եկավ, ջերմաչափ առավ, մրգեր, անհրաժեշտ դեղեր, որ ջերմությունս իջներ, ու իմ կողքին էր միշտ, շատ հոգատար էր, ուշադիր»,- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է Էլյան։

Կարենը ավագ դպրոցում ֆիզմաթ թեքումով էր սովորել, քույրն ասում է, որոշել էր բանակ գնար, գար ու կրթությունը շարունակեր։ Ցանկանում էր բիզնեսմեն դառնար։ 15 տարեկանից առաքիչ էր աշխատում, ծնողներին օգնում։

Քույրն ասում է՝ չկա մի պահ, որ եղբորը չհիշի ու չկարոտի, ամեն պահ զգում է եղբոր ներկայությունը:

«Կարենը հիմա էլ օգնում ա բոլոր դժվարին իրավիճակներում, ինչպես առաջ էր անում»,- կրկին հուզվում է քույրն ու ասում, որ իր վրա այսօր մեծ պարտականություն է ընկած՝ այնպես անել, որ լրացնի եղբոր տեղը, ծնողների ցավը այդպես մի փոքր մեղմացնի։