44-օրյա պատերազմի ժամանակ 23-ամյա ՀԵՐՈՍ Հայկ Գրիգորյանը, փրկելով վեց զինակից ընկերներին, անմահացավ Դավիթ Բեկում. Ճանաչե՛նք մեր քաջերին

«Երբ Արցախյան 44-օրյա պատերազմը սկսվել էր, Հայկը տեղը չէր գտնում… նա կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին: Հայկը պատերազմի ժամանակ Կապանի դիրքերում էր, շատ էր նեղվում, որ էդ պահին Արցախում չի կռվում և պատերազմական գործողությունների կենտրոնում չէ:

Հայկն իր մայրիկի միակ զավակն էր, մենք խնդրում էինք, որ չգնա, բայց նա ասում էր՝ ոտքեր էլ ունեմ, ձեռքեր էլ ունեմ, առողջ եմ, ինչի՞ պիտի չգնամ:

Հայկի գնալուց առաջ մեր հարազատներից զոհեր էինք ունեցել, եւ մենք էլ ուժ չունեինք նորից պատերազմի դաշտ ուղարկել մեր հարազատին:

zinvorner

Հայկը կարող էր օգտագործել այն փաստը, որ մայրն իր խնամքին է մնալու, ու չգնար, բայց չարեց… էդպես էր որոշել: Նա ամենից շատ սիրում էր հայրենիքը և ապացուցեց, որ հայրենիքը բառերով չպիտի սիրել:

Անգամ պարտադիր ժամկետային ծառայության ժամանակ, երբ իր միակողմանի ծնողազուրկ լինելու հանգամանքը իրեն թույլ էր տալիս, որ մոտ ծառայի, ինքը ամեն ինչ անում էր, որ Արցախում ծառայի: Ասում էր՝ ես պիտի Արցախում ծառայեմ, տղու տեղը Արցախն է, Արցախում են տղամարդ դառնում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմի ժամանակ զոհված կամավորական Հայկ Գրիգորյանի հորեղբոր կինը՝ Աննա Գրիգորյանը:

hayk

Հայկ Գագիկի Գրիգորյանը ծնվել է 1998թ. հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: Նրա ծնվելուց երեք ամիս անց մահացել է հայրը, իր մոր միակ զավակն էր։ 2014թ.-ին ընդունվել է Կապանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Ուսումը կիսատ թողնելով՝  մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության: Ծառայել է Սիսիանի զորամասում, ծառայության ժամանակ արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի։

44-օրյա պատերազմի ժամանակ Հայկ Գրիգորյանը, փրկելով վեց զինակից ընկերներին, անմահանում է նոյեմբերի 1-ին Դավիթ Բեկի պաշտպանական դիրքում։

Աննայի խոսքերով՝ երբ խոսել են Հայկի հետ, չնայած դրանք կարճ տևողությամբ են եղել, Հայկը լավատեսորեն է գնահատել իրավիճակը և մեծ հավատ է ունեցել, որ հաղթելու ենք:

«Ճակատագիրն իրենն արեց… Հայկը Արցախում չծառայեց ու զոհվեց Դավիթ Բեկում: Մարդը չէ որոշողը, չեմ կարող ասել՝ ինչ կլիներ, եթե Արցախում լիներ»,- եզրափակեց Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հերոսի հորեղբոր կինը՝ Աննա Գրիգորյանը: