Երկրաշարժից փրկված Գոռն անմահացավ Արցախյան պատերազմում

88-ի դեկտեմբերի 7-ի մասին գիտի ամեն հայ։ Ավագ սերնդի ներկայացուցիչներն անգամ հիշում են տեղի ունեցած սարսափելի աղետը, որը չէր խնայել ոչ մի կյանք։ Այսօր էլ՝ դեպքից 33 տարի անց շատ վերքեր դեռ չեն սպիացել։ Երկրաշարժի հետևանքով զոհվեցին նաև շատ երեխաներ, նրանցից շատերը հաշմանդամ դարձան և իսկապես քչերը փրկվեցին հրաշքով։

Նրանցից էր նաև Գոռ Աջամյանը։ Երկրաշարժի պահին նա 3 ամսական էր, և հարազատները նրան ողջ ու առողջ դուրս բերեցին փլատակներ տակից։

Կարծես երեխայի երկրորդ ծնունդը լիներ։ Գոռը մեծանալով դարձավ Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, ինչպես նաև, ավարտելով համալսարանը, ծառայության անցավ ՀՀ Ոստիկանությունում։ Նրա հաղթանակների շնորհիվ բազում անգամներ էր բարձրացել հայոց եռագույնը։

Գոռ Աջամյանը ոստիկանության Սպիտակի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկան էր, ինչպես նաև Քարաձոր գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը։

Երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, հայրենասեր մարզիկը չկարողացավ անտարբեր լինել հայրենիքի պշատպանությանը։ Նա զինվորագրվեց և մեկնեց առաջնագիծ, որտեղ մասնակցություն ունեցավ հայրենիքի պաշտպանության մարտերին։

Գոռ Աջամյանն ընկավ Շուշիի պաշտպանական մարտերում՝ դաժան ու ծանր մարտեր մղելուց հետո։ Նա ամուսնացած էր, ունի երկու երեխա։