Գյումրեցի տղամարդն օգնում էր գերմանացի ռազմագերուն. ի՞նչ հետևանք թողեց նրա այդ քայլը 1988 թ. երկրաշարժի ժամանակ
Գյումրի քաղաքի մոտակայքում է գտնվում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված գերմանացիների մոռացված գերեզմանատունը: Ոչ ոք այսօր չի այցելում այդ գերեզմանատունը:

Մի այդպիսի գերմանացի ռազմագերու պատմություն է հայտնի, որը պատերազմից հետո ապրել ու հարկադիր աշխատանք է կատարել Շիրակի մարզում: Հանսը՝ այդպես էր նրա անունը, բազմակողմանիորեն զարգացած մարդ էր, սակայն բախտը չէր ժպտացել նրան: Նա գերի էր ընկել Սովետական Միությունում և հավետ մնացել այստեղ: Մի գյումրեցի, սակայն, նկատել էր, որ Հանսը նման չէր մյուս շատ ռազմագերիների: Նա երաժիշտ էր: Գյումրեցի սկսել է հոգ տանել Հանսի մասին, պարբերաբար նրան կարողացել է իր տուն տանել, կերակրել, իսկ Հանսն այդ մարդու երեխաներին սովորեցրել է գերմաներեն և երաժշտություն:
Անցել են տարիներ, Հանսը մահացել է: 1988 թ. ավերիչ երկրաշարժը քանդեց շատ մարդկանց կյանքը, այդ թվում նաև այն գյումրեցի տղամարդու տունուտեղը, որը բարի էր գտնվել գերմանացու նկատմամբ: Սակայն գյումրեցի այս մարդը չգիտեր, որ Հանսը Գերմանիայում ուներ որդի, որը, որպես փրկարար եկել էր Գյումրի, որպեսզի երկրաշարժից տուժածներին օգնի ինչով կարող է: Եվ հենց գյումրեցու ընտանիքին է գտնում Հանսի որդին այստեղ և սկսում հոգ տանել նրա երեխաների և ողջ մնացած այլ բարեկամների մասին՝ իմանալով, որ հենց այդ ընտանիքն է ժամանակին օգնության ձեռք մեկնել օտարության և թշվառության մեջ հայտնված իր հորը: