ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ. «Հաղթանակի խորհրդանիշն ու անառիկ բերդը». ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ

Շուշիի բերդը հայկական միջնադարյան ամրոց-բնակավայր է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում։

Ուշ միջնադարյան աղբյուրները բերդը հիշատակում են տարբեր անուններով՝ Քարագլուխ, Քարագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնախ:

Ըստ տվյալների՝ Շուշիի բերդապարսպի և կառույցների հիմքերը դրել է հայկական զորախմբերի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետը՝ 1724 թվականին: Սակայն մեկ այլ աղբյուր վկայում է, որ բերդն ավելի վաղ է կառուցվել, իսկ 1720-ականներին Ավան հարյուրապետն այն պարզապես մարցրել ու վերանորոգել է:

Անառիկ ամրոցը կառուցված է կրաքարից, ունի 7-8 մետր բարձրությամբ կիսաշրջանաձև աշտարակներ և երկշարք հրակնատներ: Բերդապարիսպը չորս հիմնական մուտք է ունեցել՝ Մխիթարաշեն, Ամարաս, Ջրաբերդ, (հետագայում անվանվել է Գանձակ, ապա Ելիզավետպոլ) և Երևան: Ամրոցն օժանդակ մուտքեր ևս ունեցել է, սակայն դրանք միայն տեղաբնակներն են իմացել:

Շուշիի կամ Ղարաբաղի խանությունը հիմնվել է 1752 թվականին:

Տարբեր ժամանակներում ռազմական թատերաբեմ դարձած Շուշիում 1795 թվականին Աղա Մահմեդ խան Ղաջարի զորքերն են պաշարել: 33 օր խանը չի կարողացել կոտրել Շուշիի և շրջակա հայկական գյուղերի բնակիչների դիմադրությունը:Միայն երկու տարի անց, հերթական արշավանքի ժամանակ խանին հաջողվել է գրավել բերդը, թալանել այն և կոտորել բնակիչներին:

Նույն տարում Շուշիում նրան սպանել են մահմեդականություն ընդունած իր հայ թիկնապահները, ինչից հետո պարսկական զորքը նահանջել է:

Կոտորած և բազմաթիվ հարձակումներ տեսած բերդաքաղաքը վերջնականապես ազատագրվել և հայերին է անցել հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ: Չնայած հակառակորդի կատաղի դիմադրությանը, հայ մարտիկներին հաջողվել է կատարել մարտական առաջադրանքն ու մայիսի 9-ին ազատագրել հայկական հինավուրց բերդաքաղաքը: