Իրական պատմություն մեր ընթերցողից. հայուհին Թուրքիայից վերադարձել է պատերազմից հետո
Մեր ընթերցողը, ով, մեր կոչին հետևելով, որոշել է պատմել իր պատմությունը, ցանկանում է անանուն մնալ: Նրա պատմությունը ներկայացնում ենք ձեր դատին:
«Ես ապրում էի Թուրքիայում երկար տարիներ՝ կլիներ մոտ 15 տարի: Ապրիլյան պատերազմի օրերին երկմտանքի մեջ էի՝ ինչո՞ւ եմ ապրում մի երկրում, ուր իմ հարկերը գնում են թշնամուն զինելուն: Այդուամենայնիվ, շատ պարտքեր ունեի ու պետք է աշխատեի՝ դրանք մարելու համար:
Խանութում վաճառողուհի էի աշխատում, սակայն կացարան ունեի, ավելի շատ էի վարձատրվում, իսկ Հայաստանում վաճառել էինք մեր ողջ ունեցվածքը:
Այդպես ապրում էի ինձ համար՝ միակ որդուս հետ, երբ լսեցի, որ կրկին պատերազմ է սկսվել 2020 թվականին:
Որդիս բարկացավ ու հորդորեց ինձ վերադառնալ Հայաստան, քանի որ սկզբունքորեն չէր ծառայելու թշնամու բանակում: Ես էլ իմ հերթին շատ բարկացա իմ իսկ արարքի վրա ու հաստատ որոշեցի՝ վերադառնում ենք:
Չձանձրացնելով կարդացողներին՝ նշեմ, որ այժմ վարձով ենք ապրում, իսկ տղաս բանակում է՝ Հայկական բանակում: Ես էլ աշխատում եմ գործարաններից մեկում ու վաստակում ապրուստս: Գլուխս հանգիստ դնում եմ բարձին և հասկանում, որ կյանքիս անցած տարիներն անցել են մոլորության ու թյուրիմացության մեջ. տանից լավ տեղ չկա։ Իսկ որդիս էլ մի գեղեցկուհի հայուհու հետ է ամուսնանալու, հենց որ բանակից վերադառնա»:
Սիրելի՛ ընթերցող, Դուք նույնպես, եթե ունեք պատմություններ, կարող եք ուղարկել մեր ֆեյսբուքյան էջին, և մենք սիրով կհրապարակենք նաև Ձեր պատմությունը։