Ամերիկահայ քաղաքական գործիչ, ով փրկել է հայերին

Ամերիկահայ ակտիվ քաղաքական գործիչ, իրավաբան Վահան Նազարի Քարտաշյանը գրեթե 2 տասնամյակ պայքարել է հայերի իրավունքների համար։ Գործընկերները նրան անվանել են «միայնակ խաչակիր»։ Վահան Քարտաշյանին հաջողվել է համախմբել ամերիկյան հանրային կարծիքն ընդդեմ ամերիկա-թուրքական՝ 1923 թ․ օգոստոսի 6-ին Լոզանում կնքված պայմանագրի, ավելին՝ վերահաստատել հայոց պահանջատիրության հիմքը հանդիսացող՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը։

1918 թ․ դեկտեմբերին հիմնել է Հայաստանի անկախության ամերիկյան հանձնախումբը, այդ ժամանակահատվածում Քարտաշյանի գործունեության ամենամեծ արդյունքը դա 1920 թ․ ապրիլի 23-ին ԱՄՆ-ի կողմից  ՀՀ-ի անկախության ճանաչումն էր։ Նրա օգնությամբ Ամերիկյան տարբեր գործակալությունների միջոցով ՀՀ-ին հատկացվել է 17 միլիոն 202 հազար դոլարի մարդասիրական օգնություն և ավելի քան 11 միլիոն դոլար արտոնյալ վարկ։

Քարտաշյանին հաջողվել է կանխել Լոզանում Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև 1923 թ․ օգոստոսի 6-ին կնքած երկկողմ պայմանագրի (չշփոթել Լոզանի խաղաղության պայմանագրի հետ, որը կնքվել է Լոզանի ամերիկա-թուրքական պայմանագրից մոտ 2 շաբաթ առաջ՝ 1923 թ. հուլիսի 24-ին) ընդունումն ԱՄՆ Սենատում։ 1926 թ-ին հրատարակել է «Լոզանի պայմանագիրը, Թուրքիան և Հայաստանը» ժողովածուն։

Այդ գիրքն ընդգրկում է բոլոր իրավական հիմնավորումները, քաղաքական պարտավորություններն ու բարոյական հանձնառություններն ընդդեմ Լոզանի թուրք-ամերիկյան պայմանագրի։ 1927 թ․ հունվարի 18-ին Սենատը մերժում է հավանությունը տալ հիշյալ պայմանագրին։ Եվ որպես մերժման հիմնական պատճառ նշվում է Թուրքիայի կողմից Վիլսոնի իրավարար վճռի չկատարումը։