Ինչու՞ է զղջում մարշալ Բաբաջանյանի դուստրը

Հայրենական մեծ պատերազմը բացահայտելու էր մի շարք տաղանդավոր զորահրամանատարների։ Այդ համաստեղության մեջ իրենց բացառիկ տեղն են զբաղեցնում Մարշալ Բաղրամյանը, Բաբաջանյանը, Խուդյակով–Խանփերյանցը, ծովակալ Իսակովը։

Խոսենք զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի մասին։ Մարդ, ով առաջինն էր մարտի նետվում` իր հետ տանելով ենթականերին, մետրոյի հեղեղված կայարաններում մահից փրկում Բեռլինի բնակիչներին։ Իսկ Բեռլինի օպերացիայի ժամանակ, նրա հորինած պլանը թույլ տվեց կոտրել հակառակորդի պաշտպանությունն ճանապարհ բացել  դեպի Գերմանիայի մայրաքաղաք։

«Հայրս գրեթե ոչինչ չէր պատմում պատերազմի մասին։ Իսկ ձեռագրերը, ցավոք, այրվում են։ Բանն այն է, որ երբ ավարտվեց պատերազմը, և մայրս իմացավ այդ մասին, նա ուրախությունից վերցրեց պատերազմի տարիներին իրեն հասցեագրված հորս նամակներով պայուսակը և նետեց վառարանի մեջ… Այդպես մեզ մոտից անհետացան նրա, նրա ապրումների, մարտական պայմաններում նրա կյանքի մասին անգին հիշողությունները։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ գանձ էր դա, որը վերացրեց մայրս վայրկենական պոռթկման ազդեցության տակ», – պատմում է մարշալի դուստրը` Լարիսա Բաբաջանյանը։

Տարբեր ժամանակներում ապագա մարշալը ծառայել է ուրիշ մեծ զորահրամանատարների ղեկավարության ներքո` Կոնև, Ռոկոսովսկի, Ժուկով։ Նրանց նա ընդգծված հարգանքով էր վերաբերվում։ Երբ Ժուկովի մասին ասում էին, թե նա չափից շատ խիստ է ու պահանջկոտ, Համազասպ Խաչատուրովիչը սաստում էր զրուցակցին, ընդգծում Գեորգի Կոնստանտինովիչի ականավոր տաղանդը որպես զորահրամանատար և նրա վճռականությունը։ Բացի այդ, պահպանվել է նաև Կոնևի հետ նրանց համատեղ լուսանկարը` վերջինիս ստորագրությամբ։

Գնդապետ Բաբաջանյանին Խորհրդային Միությունը «Ոսկե աստղի» հետ մեկտեղ նաև Լենինի շքանշան հանձնեց։  Մարշալը մինչև մահը հավատարիմ է մնացել իր տարերքին` տանկերին։ 1969 թվականի մայիսին դարձել է խորհրդային բանակի տանկային զորքերի հրամանատար։ 1975 թվականին նրան շնորհվեց զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչումը։

Ինչպես նշում է Լարիսա Համազասպովնան, հայրը մեծ հայրենասեր էր, սիրում էր իր պատմական հայրենիքը։ «Հայրս բացառիկ հիշողություն ուներ։ Նա հիանալի տիրապետում էր Հայաստանի պատմությանը, հիշում բոլոր պատմական տարեթվերը, իրադարձություններն ու թվերը, ընկերների շրջանում հաճախ սիրում էր պատմել մեր ժողովրդի տարբեր հերոսների մասին, անգիր գիտեր հայկական պոեմները», – ասում է մարշալի դուստրը։