Հայ կինը, որը ներառվել է աշխարհի ամենաանվախ կանանց հնգյակում․ ո՞վ է նա

Բացահայտելով հայերի կյանքը, ովքեր մեծ հետք են թողել մեր պատմության վրա, այսօր ձեզ կպատմենք հայ անվանի գրող, բանաստեղծուհի Զաբել Եսայանի մասին։

Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականին Ստամբուլում։ Զբաղվել է գրական, հասարակական գործունեությամբ։Ադանայի հայկական ջարդերից հետո ստեղծված միջազգային պատվիրակության կազմում գրողը 1909 թվականին մեկնել է Կիլիկիա։ 1911 թվականին լույս է տեսել նրա «Ավերակների վրա» պատմվածքը, որը պատմում է հայերի կոտորածի մասին։

Եսայանը մտավորականների ցուցակում ներառված միակ կինն էր, որին երիտթուրքական կառավարությունը ծրագրել էր ձերբակալել 1915 թվականի ապրիլի 24-ին։ Բայց նրան հաջողվեց խուսափել բանտարկությունից և տեղափոխվել Եվրոպա։ 1933 թվականին նա հաստատվեց Խորհրդային Հայաստանում, դարձավ ստալինյան բռնապետության հալածյալ, բանտարկվեց 1936-ին։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները, մինչև հիմա հայտնի չեն։ Որոշ տվյալներով` նա մահացել է 1943 թվականին։ Զաբել Եսայանը ներառվել է աշխարհի ամենաանվախ կանանց հնգյակում՝ ըստ ամերիկյան Refinery պորտալի։

 Հետագայում Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղը լույս է ընծայել նրա երեք պատմվածքների անգլերեն ժողովածուն։ Գիրքը հրատարակվել է «Բանտարկված գիշերներ․ Բոսֆորից մինչև Գալիպոլի» խորագրով

Ժողովածուում զետեղված են Եսայանի ոչ շատ հայտնի երեք պատմվածքները՝ 1911-ին Պոլսում գրված «Քողը» և «Բավական է» պատմվածքները և 1928-ին Փարիզում գրված «Մելիհա Նուրի հանըմը»։

Մեկնաբանելով գրքի հրատարակումը` «Հուշամատյան» միության տնօրեն Վահե Թաշճյանն ասել է. «Զապել Եսայանի երեք տպավորիչ աշխատանքները լույս են սփռում թուրքական հասարակության և թուրք-հայկական հարաբերությունների վրա Օսմանյան կայսրության վճռորոշ ժամանակաշրջանում, որը նշանավորվել է պատերազմներով, պարտություններով, տարածքային կորուստներով և հայ ժողովրդի ցեղասպանությամբ»։

Հատորը հրատարակչատան Հայկական շարքի 14–րդ գիրքն է։ Խմբագիրը Նանոր Քեպրանյանն է, թարգմանիչը՝ Կ․ Կոշկարյանը։ Գիրքը հրատարակվել է «Գալուստ Կյուլպենկյան» և «Ֆեսճյան» հիմնադրամների աջակցությամբ։