Հերոս ամուսնուն պատերազմում կորցնելուց հետո Սիրանուշը լույս աշխարհ բերեց չորրորդ երեխային. Ճանաչե՛նք մեր հերոսներին

«Որ ինքը իմ հետ չէր, չգիտեի՝ ուրախանայի՞, թե՞ տխրեի, բայց ես իմ մեջ ուժ գտա, որ էդ երեխային բերեմ, իր վերջին հուշն է»,- հուզմունքով ասում է 33-ամյա Սիրանուշ Հակոբյանը, որը ամուսնու զոհվելուց 7 օր անց իմացել է, որ չորրորդ երեխային է սպասում։ 

«Իմ ամուսինը չգիտեր, որ հղի եմ, իրա յոթի օրն եմ ես խաբար եղել»,- ասում է Սիրանուշը։

Սիրանուշ Հակոբյանի ամուսինը՝ 33-ամյա Մխիթար Գրիգորյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Մատաղիսում։

Մխիթարը պայմանագրային զինծառայող է եղել, սակայն վերջին երեք տարիներին դուրս էր եկել ծառայությունից և շինարարությամբ զբաղվել։ Պատերազմի լուրը լսելուն պես մեկնել է առաջնագիծ։ Զոհվել է հոկտեմբերի 5-ին։ 

erekhaner

Կինը պատմում է, որ վերջին անգամ ամուսնու հետ խոսել է հոկտեմբերի 2-ին, ամուսինն ասել է, որ դիրքեր են բարձրանում, հոկտեմբերի 3-ից կապ հաստատել այլևս չի ստացվել։

«Որ ասեց՝ գնում են պոստեր, ասում էի՝ Աստված ջան, ողջ գա, գոնե վիրավոր գա, էրեխեքի հետ կկարողանամ պահեմ։ Ես ամեն ինչ կանեի, որ ցավերը չզգար, մենք շատ լավ ամուսիններ ենք եղել, ես նենց կանեի, որ ինքը շատ չզգար վիրավոր լինելը ու ցավերը։ Աստված մեղք չունի, Աստված որի՞ն պահեր»,- հուզվում է կինը և ասում, որ ամուսնու հետ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին։

«Ամսի 3-ին զանգեցինք, որ խոսեինք, արդեն հելել էին պոստեր, կապ չկար… հաջորդ օրը դեպքն էր եղել, մենք ամսի 5-ին նոր իմացանք։ Իմ կեսրայրի եղբայրներն եկան, ասեցին, մենք տեղյակ չէինք, կապ չկար։ Մի կողմը լրիվ, կոպիտ ասած, ցանց էր եղել, այրվել էր»,- հուզվում է կինը։

Սիրանուշն ու Մխիթարը Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղից են, ամուսնացել են 2007-ին։ Չորս երեխա ունեն՝ 12-ամյա Աբրահամը, 11-ամյա Անին, 6-ամյա Արենը և մեկ ամսական Արփին, որը հունիսի 8-ին է ծնվել։

Սիրանուշն ասում է, որ Արփիի ծնունդն էլ չի մեղմել ամուսնու կորստի ցավը, չի կարողանում համակերպվել ու հաղթահարել վիշտը։

erekhaner

«Ես մինչև հիմա չեմ հավատում, որ ինքը զոհվել է, ես անընդհատ սպասում եմ, որ ինքը մի օր կգա։ Բայց ես իրա դիակը տեսել եմ, դրած է եղել մեր առաջ, բայց իմ տպավորությունն է, որ ամեն պահ կարող է ինքը ներս մտնի, ոչ մի կերպ ու ոչ մի ձև չեմ համակերպվում»,- հուզվում է կինը։ 

Սիրանուշն ասում է՝ երեխաներն էլ կարոտում ու սպասում են հորը:  «Մեծ տղաս անընդհատ խոսում է, խոսում, չի հանգստանում։ Ասում է՝ երանի պապան էղներ, խանութ ենք գնում, ասում է՝ երանի պապան էլ մեր հետ խանութ գար, երանի լիներ՝ ամեն ինչ լավ կլիներ»,- արտասվելով պատմում է Սիրանուշը։

Մխիթարը շատ հանգիստ էր բնավորությամբ, չէր բռնկվում, բոլորին միշտ հասնում ու օգնում էր․ այսպես է նկարագրում կինը ամուսնուն։

«Ինքը աստվածային մարդ էր, արտակարգ մարդ էր, ինքը սաղին օգնում էր, սաղին հասնում էր, շատ լավ մարդ էր։ Ինքը միշտ ձգտում էր ամեն ինչ ունենալ ու էրեխեքին իրանց նպատակներին հասցներ»,- հավելում է Սիրանուշը։

Սիրանուշն ասում է՝ ամեն պահ ու ամեն վայրկյան ամուսնու բացակայությունը զգում է, նշում է՝ շատ դժվար է․ «Ծանր է, մենակ մնալը շատ դժվար է։ Միշտ որ մենակ եմ մնում, շատ եմ լացում: Ահավոր վիճակ է, հիմա իմ պուճուրի աչքերի մեջ նայում եմ, Աստծուց համբերություն ու ուժ եմ խնդրում, որ կարողանամ իմ երեխաներին պահեմ»,- ասում է Սիրանուշը։