Ո՞ր հայ մեծի անունով կոչվեց Թիֆլիսի մանկատներից մեկը
Թումանյանն առաջին աշխարհամարտի տարիներին զոհվածների երեխաներով զբաղվող ամենամեծ ու առաջին մտավորականն էր։ Նա և իր ընտանիքը ձեռնամուխ էին եղել որբերին խնամելու մեծ գործին։ Որբերն էլ իրենց հերթին անչափ սիրում էին Թումանյանին ու նրան «հայրիկ» անվանում։
Հենց նրա պատվին էլ Թիֆլիսի մանկատներից մեկը կոչվեց Թումանյանի անվամբ։ Այժմ հստակ տեղեկություն չկա՝ արդյոք պահպանվե՞լ է այդ անունը կամ մանկատունը, թե՞ ոչ։
1923 թվականին Մոսկվայում իր մահկանացուն կնքեց Հովհանես Թումանյանը, իսկ մանկատան սաները նրա մահվան առաջին տարելիցին բանատսեղծություններ գրեցին նրա համար՝ արտահայտելով իրենց անսպառ սերը Թումանյանի հանդեպ։

Դրանցից մեկը ներկայացնում ենք ձեր դատին․
Նվեր Հ. Թումանյանին
Հովհաննսիյան Սարիկ, 1924 թ., մանկատան սան
Դու այս կյանքում չարչարվեցիր,
Ազգիդ համար շատ տանջվեցիր,
Քնքուշ ձեռքդ քնար առար՝
Սերմեր ցանիր, բայց շուտ մեռար:
Սերմեր սիրո, եղբայրության,
Սիրել գյուղը եւ գյուղացուն,
Ապրել հալալ աշխատանքով,
Ոգեւորվել սուրբ քրտինքով,
Հիշիր դու մեզ, ազնի՛վ պոետ,
Մանուկների սրտի պոետ,
Նրա ժպիտով ապրող պոետ,
Քեզ եմ կանչում, իսկ դու չկաս:
Զավակներիդ սրտում միշտ կաս:
Թող քո հոգիդ ուրախ խնդա,
Որբիկներիս սրտում միշտ կաս:
Դու երգեցիր արոր, գութան,
Գյուղացու կյանք, հազար մի բան,
Քո գրվածքներդ մեզ դուր եկան,
Բալիկներիդ սրտում միշտ կաս:
Հանգիստ ննջիր, մեր մեծ հայրիկ,
Քո վեհ, պայծառ, ազնիվ անուն
Կապրի մեր մեջ երկար ու միշտ,
Քանի ունենք մենք ցավ ու վիշտ: