Ի՞նչ է պահանջել Վիկտոր Համբարձումյանը, երբ իմացել է, որ միայն իրենց բնակարանում կա էլեկտրաէներգիա

20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի գործունեության զգալի մասը կապված է Բյուրականի աստղադիտարանի հետ: Նրա տուն-թանգարանը ևս գտնվում է աստղադիտարանի տարածքում: Վիկտոր Համբարձումյանը մանկուց տարբերվել է իր ընկերներից, 5-6 տարեկանում երկնիշ և եռանիշ թվեր է բազմապատկել, 15 տարեկանում դասախոսություն կարդացել: Հիմնականում երբ թանգարան այցելող մարդիկ Համբարձումյանի կենսագրականին են ծանոթանում՝ զարմանում են, թե մեկ մարդն ինչպե՞ս կարող էր այսքան տարբեր աշխատանքներ կատարել:

 Գաղտնիք չէ, որ նա եղել է ակտիվ քաղաքական գործիչ, մեծ գիտնական, աստղագետ, մաթեմատիկոս, ֆիզիկոս: Ղեկավարել է մի շարք գիտական հիմնարկներ: Լինելով մեծ հայրենասեր՝ անտարբեր չի եղել Արցախի հարցի հանդեպ. տարբեր ամբիոններից միշտ բարձրացրել է այդ հարցը: 82 տարեկանում 9 օր շարունակ Մոսկվայում հացադուլ է արել Արցախի հարցի համար՝ չնայած ունեցած առողջական խնդիրներին, և միայն իր ծննդյան նախօրեին է վերադարձել հայրենիք, և այդ կապակցության Երևանի կոնյակի գործարանն անհատական կոնյակ է թողարկել, որտեղ գրված է՝ «Վիկտոր Համբարձումյան՝ 82»:

Հացադուլը մեծ իրարանցում է առաջացրել ամբողջ աշխարհում, քանի որ հացադուլ էր անում այն մարդը, ով կառավարել է աշխարհի ողջ գիտությունները: 1968-72թթ. Վ.Համբարձումյանը ղեկավարել է միջազգային գիտությունների միության խորհուրդը, որը կառավարել է աշխարհի գրեթե բոլոր պետությունների բոլոր գիտությունները: Խորհրդային Միությունից միակ մարդն է եղել, որ ընտրվել է այդ պաշտոնում: Նա առաջին մարդն է եղել, ով Օպերայի դահլիճում բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը՝ Հայոց ցեղասպանության 50-ամյակին նվիված միջոցառման ժամանակ»:

Գիտնականի կյանքի վերջին տարիներին մեծ աղմուկ էր բարձրացրել  նրա ՝ վառարանի մոտ նստած հայտնի լուսանկարը․ իբրև թե նա այդ պայմաններում էր ապրում։ Սակայն իրականությունն այլ էր։Նա մեծ հնարավորություն ուներ կյանքի վերջին տարիներն անցկացնել եվրոպական ցանկացած երկրում. զավակների մի մասն այդ տարիներին Հայաստանում չէին բնակվում, նրանք նույնպես ուրախ կլինեին, որպեսզի հայրիկը միանար իրենց, սակայն Համբարձումյանն ինքն էր որոշել կյանքի վերջին տարիներն անցկացնել Հայաստանում: Քանի որ կինն իրենից մեկ տարի շուտ էր մահացել, այդ տարվա ձմռանը 3-4 ամիս բնակվել է դստեր տանը՝ Աշտարակի Բագավանում: Եվ այդ լուսանկարն արված է հենց դստեր տանը:

 Աշտարակի քաղաքապետարանը, իմանալով, որ աշխարհահռչակ գիտնականն այնտեղ է, հատուկ էլեկտրաէներգիա է անցկացրել Համբարձումյանի դստեր բնակարան, սակայն, երբ Համբարձումյանն իմացել է, որ հարևաններից ոչ ոք լույս չունի՝ բացի իրենցից, պահանջել է, որպեսզի իրենց էլեկտրաէներգիան անջատեն: Իր «Կյանքի դրվագներ» գրքում նա գրում է, որ իր համար այդ տարիներին մեծ լույս էր իր ծոռնիկի հայերենի մաքուր իմացությունը»: