33-ամյա ՀԵՐՈՍ Վլադիկ Գևորգյանը շատ նպատակներ ուներ, բայց դրանք կիսատ մնացին՝ հանուն հայրենիքի պաշտպանության

«Մենք մինչև վերջին օրն էլ սպասում էինք, ասում էինք՝ հեսա մի տեղից դուրս կգա, մի ձև դուրս կգա»,- հուզմունքով նշում է 30-ամյա Ռեգինա Բաբայանը, որի ամուսնական երջանկությունը 3 տարի էլ չտևեց, 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրեց ամուսնուն՝ 33-ամյա Վլադիկ Գևորգյանին։

Վլադիկ Գևորգյանը ավագ լեյտենանտ էր։ Բանակ զորակոչվելուց հետո էր որոշել շարունակել ծառայությունը որպես պայմանագրային զինծառայող:

Ապրիլյան պատերազմին ակտիվ մասնակցությունից լեյտենանտի կոչում էր ստացել։ Կինն ասում է՝ ամուսնուն պետք է արդեն կապիտանի կոչում տային, սակայն պատերազմը սկսվեց: 

zinvor

Վլադիկը դիրքեր էր բարձրացել սեպտեմբերի 19-ին, պետք է վերադառնար տուն՝ երեխայի 1 տարին նշեին, սակայն վերադարձն անընդհատ հետաձգվում էր: 

Մինչև պատերազմը Ռեգինան և Վլադիկը Ստեփանակերտում են վարձով բնակվել, Վլադիկը ծնունդով Թաղավարդից էր, Ռեգինան՝ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղից։

Հուլիսի 20-ին Ռեգինայի և Վլադիկի ամուսնության երրորդ տարին է, Ռեգինան ասում է՝ շատ երազանքներ ունեին՝ տուն ստեղծել, էլի երեխաներ ունենալ․ «Տղաս սեպտեմբերին 2 տարեկան կլինի, ես ասում էի՝ շատ երեխաներ ունենանք, արդեն մտածում էինք՝ մի քիչ անցնի՝ երկրորդն ունենանք։ Ես սեպտեմբերին վիրահատություն տարա, ասեցի՝ անցնի, լավ լինեմ, բայց վերքերս դեռ չէին լավացել, որ պատերազմը սկսվեց»,- հուզվում է Ռեգինան։

yntaniq

Ռեգինան հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 20-ը ամուսնուց լուր չի ունեցել, ամեն օր ու ամեն վայրկյան սպասել է, որ ամուսինը կգա։ 

«Էնքան տարբեր վարկածներ կային, մեկն ասում էր՝ երևի շրջափակման մեջ ա ընկել, մի տեղից դուրս կգա, մինչև վերջին օրն էլ սպասում էինք, որովհետև էդ ընթացքում շատ էր լինում, որ անտառում 15-20 օր խումբ էր լինում, հետո դուրս էին գալիս։ Որ իմանում էինք՝ էսինչ տեղից մեկին գտել են, էսինչ տեղը վիրավոր կա, հիվանդանոցները սաղ քրքրում էինք, միշտ կապի մեջ էինք, Ղարաբաղում հարցուփորձ էինք անում։ 

Նոյեմբերի 20-ին իմացանք, որ էդ օրը մտնելու են որոնողական աշխատանքների համար, բայց սպասում էի, որ էդ օրն իրան չպիտի գտնեն, ես էդ հույսն ունեի, որ իրան չեն գտնելու, որ ինքը ողջ է լինելու»,- հուզվում է կինը և պատմում, որ ամուսնու ընկերն էլ է որոնողական աշխատանքին մասնակցել և ճանաչել ամուսնու մարմինը։

Ամուսնու զոհվելուց Ռեգինայի կյանքը լրիվ գլխիվայր շրջվել է։ «Ո՞նց ա փոխվում մարդկանց կյանքը, որ մի կարևոր մասնիկ իրենց տնից բացակայում ա, իմաստ էլ չկա»։