Արցախի լեռների թագուհին․ լսե՞լ եք Կաչաղակաբերդի պատմության մասին
Կաչաղակաբերդը գտնվում է Արցախի Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև։ Կառույցը պատկանում է 8-րդ դարին և տարբեր ժամանակաշրջաներում ունեցել է տարբեր անվանումներ։ Բերդը հայտնի է եղել Խաչենի բերդ, Սխսաղանա Հավքախաղաց բերդ, Սղսղան և այլ անուններով։
Ժողովուրդն ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի։ Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ շատ դեպքեր են եղել, երբ մարդիկ սահել են լեռան գագաթից՝ չհասնելով պարսպին։

Անվանման ծագման մի քանի պատմություն կա։
Ըստ դրանցից մեկի մի զավթիչ պաշարել է Կաչաղակաբերդը։ Երբ նա տեսել է ամրոցի անառիկությունը, հրաժարվել է այն հարձակումով գրավելու մտքից։ Որոշել է սպասել մի քանի ամիս։ Զավթիչը համոզված էր, որ սննդի պաշարները բերդում վաղուց սպառվել են, սակայն, ի զարմանս նրա, պաշտպանությունից ոչ ոք դուրս չէր գալիս։ Երբ արդեն հնչել է նահանջի հրամանը, զավթիչին զարմացրել է մի տարօրինակ երևույթ… Այդ տեղանքում շատ էին կաչաղակները, որոնց հաճախ կարելի էր տեսնել բերդի մոտ թռչելիս։ Սակայն այդ օրը՝ վաղ առավոտյան, գագաթի վրա հայտնվել է կաչաղակների չափազանց մեծ բազմություն։ Տեսնելով դա՝ զավթիչը ամրոց է ուղարկել մի քանի զինվորի, որոնք դժվարությամբ են մտել բերդ։ Նրանց ներկայությունից կաչաղակները փախել են, իսկ թռչունների տակ պառկած մնացել են մահացածները ։ Պատսպարվելով ամրոցում և միաժամանակ պաշտպանելով այն՝ հայերը սովամահ են եղել, սակայն չեն հանձնվել։

Այսպիսով կաչաղակները իմաց են տվել թշնամուն, որ գագաթում այլևս կենդանի պաշտպան չկա, և զավթիչը առանց դիմադրության վերցրել է գրեթե ազատագրված ամրոցը։