Նկարում նույն ճակատագրին արժանացած երկու հավատարիմ ընկերներ են. ճանաչենք հայ ազատամարտիկներին

Նկարում Բաղդասարյան Թավադին ու Գրիգորյան Վահանն են։

Լուսանկարն արվել է 1940 թվականին և 25 տարի անց՝ 1965-թվականին Թավադի Բաղդասարյանի դուստրը՝ Ռաիսան, այն փոխանցել է Բրեստի ամրոցի պաշտպանության թանգարանին: Ինչպես արդեն վերնագրում նշվեց Թավադին և Վահանը երկու հավատարիմ ընկերներ են, որոնք, կարելի է ասել, միևնույն ճակատագրին են արժնացել

Ե՛վ Թավադին, և՛ Վահանը ծնվել են Կապանի շրջանում, իսկ կրթություն ստացել են Բաքվում. Թավադին սովորել է մանկավարժական ինստիտուտում, իսկ Վահանը մանկավարժական տեխնիկումում։ Մինչեւ Կարմիր բանակ զորակոչվելը՝ Վահանը ուսուցիչ էր աշխատում, իսկ հետո Կապանի շրջանի Եղվարդ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն էր, իսկ Թավադին ուսանողական նստարանից է զորակոչվել բանակ՝ 1939-ի աշնանը։ Ժամանելով ծառայության վայր՝ Բրեստ քաղաք, նրանք միացել են 84-րդ հրաձգային գնդին։ Միասին սովորել են գնդի դպրոցում ու այն ավարտելուց հետո նշանակվել այդ գնդի հրամանատարներ։

Երկուսն էլ Հայաստանում ընտանիքներ էին թողել՝ կանանց ու փոքր դստրերին։ Բաղդասարյան Թավադին ու Գրիգորյան Վահանը մարտնչել են ամրոցում ու զոհվել։ «Բրեստի հերոսական ամրոց» հուշահամալիրի սալիկների վրա հավերժացվել են երկու հերոսների անունները։