Այս հայը ձեռնամուխ եղավ ֆուգասային տիպի ականների պատրաստմանը, որոնք ծննդյան 50-ամյակի առթիվ անվանեց Վ-50. ճանաչենք՝ մինչև արյան վերջին կաթիլը պայքարող Վուրգին

Նկարում Արցախյան պատերազմի մասնակից Վուրգ Արշակի Ոսկանյանն է:

Վուրգը ծնվել է Սիսիանի Բռնակոթ գյուղում։ «Ղարաբաղ» կոմիտեյի գործունեությունը կազմակերպել է հենց նա։ Բացի այդ նրա մտահղացմամբ 1989 թվականին նրա մտահղացմամբ և հենց «Ղարաբաղ» կոմիտեի աջակցությամբ կառուցվեց Հայոոց ցեղասպանության 74-րդ տարելիցը խորհրդանշող հուշարձանը։

Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով մասնակցել է ռազմական գործողություններին։ Կռվել է Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։

Դեռեւս ուսանողական տարիներից ազգային գաղափարներով զինված Վուրգը իր հետագա ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց դրանց իրականացմանը։

Երբ շրջկենտրոնի N 1 միջնակարգ դպրոցում որպես ռազմագիտության ուսուցիչ էր աշխատում՝ Վուրգը ստեղծում է ռազմագիտության լավագույն կաբինետ, որից օգտվում են ողջ Զանգեզուրի ռազմագիտության ուսուցիչները։

Նա իր սաներին կրթում ու դաստիարակում էր անկախության ոգով և նրանց հաճախ արշավների տանելով` ծանոթացնում էր լեռնաշխարհի հինավուրց հուշարձաններին, ազգային բանահյուսությանը, իսկ գիշերային խարույկների շուրջ ժամերով պատմում էր մեր անտեսվող դատի, մահապարտ հայդուկների, համազգային նպատակների մասին, որոնց իրագործմանն էր նվիրվելու իր գիտակցական ողջ կյանքում։ Վուրգը նմանատիպ գաղափարներով էր ձևավորում ազգային ազատագրական պայքարի ապագա զինվորներին:

 Նա իր կյանքով իսկ լեգենդ էր արդեն կենդանության ժամանակ։ Խրոխտ ու արժանավոր հրամանատարին սիրում ու հարգում էին բոլոր զինվոր-մարտիկները, որոնցից շատերն իր նախկին աշակերտներն էին, որոնց համար Վուրգ Ոսկանյանը դարձել էր հուսալի եւ անփոխարինելի ընկեր, ամենակարող մարդ ու հրամանատար, որի կողքին լինելը արժանապատվության ու սխրանքի, հայրենանվեր տքնանքի դաս էր… 1989թ. օգոստոսի 28-ին ադրբեջանցիները Նախիջեւանի տարածքից առաջացել էին։ Վուրգն իր ջոկատով ուժեղ հակահարված է հասցնում ու հետ շպրտում նրանց։

1990թ. հուլիսի 12-ին Մինքենդի սահմանագծում ադրբեջանցիները դարձյալ խախտել էին սահմանը. երկու ժամ տեւած փոխհրաձգությունից հետո հանկարծ օդում հայտնվում է 7 ուղղաթիռ։ Սպառազինված ռուս զինվորները շրջապետելով՝ պահանջում են զինաթափվել ու հանձնվել։ Կամավորականները, շրջան կազմելով ու նռնակները պատրաստ պահած, սկսում են բարձրաձայն երգել։ Տղերքի համարձակությունից շփոթված՝ ռուս սպան փոխում է վճիռը՝ զենքերը հանձնելու պայմանով։ Վուրգի հրամանով մեծ քանակությամբ զենք հաջողվում է թաքցնել, իսկ որոշ մասը հարկադրված հանձնում են։ Վուրգի պրպտող միտքը մի նոր փայլատակում է տալիս։ Նա ձեռնամուխ է լինում ֆուգասային տիպի ականների պատրաստմանը, որոնք ծննդյան 50-ամյակի առթիվ անվանում է Վ-50:

Նա համատեղեց զենքի ուժն ու մտքի թռիչքը Լաչինի մարդասիրական միջանցքի՝ «Կյանքի ճանապարհի», պաշտպանության՝ հոկտեմբերի 20-ին սկսված ազատագրական մարտերում, երբ նրա վաշտի հարվածներից հակառակորդը տվեց 400-ից ավելի զոհ։ Դեկտեմբերի 10-ին սկսված Կապան-Զանգելան օպերացիայի ժամանակ ընդամենը մեկ օրվա ընթացքում անօրինակ սխրանքներով ոչնչացվում են ադրբեջանական գյուղերում տեղակայված հենակետերը։ Ու ծնունդ են առնում նորօրյա լեգենդները։ Սակայն ոչ ոքի մտքոով չէր էլ անցնում, որ 1993թ. մարտի 31-ին 52-ամյա հրամանատարի ջոկատի ոգին տալու է իր վերջին մարտը։ Վերջին հրահանգներն ու վերջին հրամանը։ Վերջինը, որի ընթացքում ակնհայտ է դառնալու երեսունմեկ քաջերի շրջապատման մեջ մինչեւ արյան վերջին կաթիլը պայքարելու վճռականությունը։ Ընկնում էին զինակիցները, զոհվում, վիրավոր հրամանատարն ինքն էլ արյունաքամ էր լինում, բայց էլի կարգադրում է, որ իրեն այնպես պառկեցնեն, որ շարունակի մարտը ղեկավարել: Օգնության եկած զինակիցները ականատես են լինում սահմռկեցուցիչ տեսարանի. արյունարբու ոսոխը պղծել էր դիակները, դաժան խոշտանգումների ենթարկել զոհվածների մարմինները, կոտրել Վուրգի թեւերն ու ոտքերը:

Այսօր Վուրգ Ոսկանյանի անվամբ է կոչվում Սիսիանի թիվ 4 դպրոցը, Արցախի Վուրգավան գյուղը։ Վակունիսում բացվել է հուշահամալիր 11 սիսիանցի ազատամարտիկների, այդ թվում՝ Վուրգ Ոսկանյանի հիշատակին։ 2001 թվականին Վակունիսի դպրոցը վերանվանվել է Վուրգ Ոսկանյանի անվամբ։

Վուրգի հուշարձանը Սիսիանում

2012 թվականին Սիսիանի Ազատամարտիկների հրապարակում տեղադրվել է Վուրգի հուշարձանը: