Գիտեի՞ր, որ Ֆրանսիայում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը. այն կանգնած է նրա անունը կրող հրապարակում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախաձեռնությամբ 2018 թվականի հունիսի 23-ին Մարսելի Սողոմոն Թեհլերյանի հրապարակում բացվեց Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը՝ Դավիթ Յուզանիի հեղինակությամբ:

Հուշարձանի բացմանը ներկա էին Մարսելում Հայաստանի հյուպատոս Ռուբեն Կարազյանը, 4-րդ և 5-րդ շրջանների թաղապետ Մարին Պուստոլինոն, մարզային խորհրդի նախագահի ներկայացուցիչ Մադամ Կամպանելլան, քաղաքային խորհրդի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

CCAF հարավային շրջանի երիտասարդ նախագահ Օրելի Պրունեն անդրադարձել էր Օսմանյան կայսրության կողմից իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը և 1921 թվականի հունիսից Բեռլինի դատարանի պատմական որոշմանը, որը ճանաչել է Թեհլերյանի անմեղությունը: Սողոմոն Թեհլերյանը պաշտպանել է նվաստացումներից դարերով տառապած իր ժողովրդի պատիվը։ Վերջում Պրունեն հիշատակեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին:

Այնուհետև ելույթ ունեցավ Աշխեն Հարությունյանը՝ Կաննի հուշահամալիրի (Mémorial de Caen) կողմից կազմակերպված 2017 թվականի մարդու իրավունքների մրցույթի հաղթողը։

Հանդիպումն ավարտել է պրեֆեկտ Իվ Մորենը՝ անդրադառնալով նաև Բեռլինի դատարանի որոշմանը։ Նա ընդգծել է, որ Բեռլինի դատարանի վճիռն է դրդել Ռաֆայել Լեմկինին «ցեղասպանություն» եզրույթը մտցնել, որը հետագայում ծառայեց Նյուրնբերգյան գործընթացի իրավական հիմքը:

Պրեֆեկտը նաև հիշատակել է Թուրքիայում առկա իրավիճակը՝ նշելով, որ եթե մարդիկ մոռանան անցյալը, պատմությունն անպայման կկրկնվի։ Արարողությունից հետո երիտասարդական երգչախումբը կատարեց Ֆրանսիայի և Հայաստանի պետական օրհներգերը, ինչպես նաև մի քանի հեղափոխական երգեր: