Հայուհու սարսափելի պատմությունը։ Ամուսնություն ծերուկի հետ

Հիշարժան է Ցեղասպանությունից փրկված այս հայուհու տխուր պատմությունը։ Նա կարող էր ևս մեկ Ավրորա դառնալ, սակայն հանգամանքներն այլ ընթացք ունեցան… Կոտորածից խուսափելով, աղջկան չհաջողվեց փրկվել մյուս ծանր փորձություններից։

1915 թվականի Ցեղասպանության ժամանակ Վալանտինա Հակոբը 9 տարեկան էր։ Նրա ընտանիքն ապրում էր Դիարբեքիրում (Տիգրանակերտ)։ Նրա հորը սպանեցին դստեր աչքի առաջ։ Իսկ Վալանտինային մոր և եղբոր հետ թուրքերը տարան «մահվան քարավան»։ Մի թուրք մոլլա, այսինքն՝ մահմեդական եկեղեցական, գնեց նրան՝ բաժանելով հարազտներից, որոնք մնացին քարավանում։

Մի քանի տարի թուրքը հոգում էր աղջկա ապրուստը, իսկ երբ նա մեծացավ, ամուսնացավ հետը։  Կոտորածի հետևանքով վերապրած սթրեսի և բռնի ամուսնությունից հետո, աղջկա մոտ հոգեկան հիվանդություն առաջացավ, իսկ մոլլան, որոշելով, որ նա այլևս պիտանի չէ, նրան դուրս հանեց տնից։

Աղջկան փրկեց հայ կաթոլիկ մի եկեղեցական, ում շնորհիվ 1926 թվականի օգոստոսին նա հայտնվեց Հալեպի մանկատանը, որը հիմնադրել է  դանիացի միսիոներ Կարեն Յեպեն։ Միսիոները մուսուլմանական հարեմից շուրջ 2000 հայուհի է փրկել տարբեր ճանապարհներով՝ ոմանց գնելով, ոմանց օգնել է փախչել։

«Երբ նրան հարցրինք ընտանիքի և այն մասին, թե ինչ է իր հետ տեղի ունեցել, աղջիկը  վայր ընկավ, մարմինը սկսեց ցնցվել։ Մենք նրան շրջեցինք, աղջիկը վայրի տեսք ուներ. բիբերը լայնացել էին, իսկ քթից ու բերանից արյուն էր հոսում։ Մեկ ժամ անց, երբ նա գիտակցության եկավ դեղերի օգնությամբ, նրան քաղաքային հիվանդանոց տեղափոխեցինք», – գրված է Վալանտինայի մասին Հալեպի մանկատան զեկույցում։

Աղջիկը մանկատուն վերադարձավ, սակայն դարձյալ հիվանդանոց տեղափոխվեց. պարզվեց՝ հղի է։ Սեպտեմբերին Վալանտինային ծննդատուն տարան, սակայն՝ ինչ եղավ նրա հետ հետո ոչ ոք չգիտի։ Այլևս ոչ ոք և երբեք նրան չտեսավ։ Նշենք, որ Ցեղասպանությունից փրկվածները հաճախ հոգեկան հիվանդություններ էին ձեռք բերում։