Ի՞նչ խորամանկ քայլով Սարոյանի ապագա կինը գրավեց նրա սիրտը

Քչերը գիտեն, որ Սարոյանն ու  Չարլզ Չապլինը ընկերներ են եղել , ավելին՝ նրանց կանայք մոտ ընկերուհիներ էին։ 1947թ-ին Չապլինը Սարոյանին հրավիրեց ներկա գտնվելու իր «Մսյո Վերդու» ֆիլմի պրեմիերային։ Երկու հանճարեղ տղամարդկանց կանայք՝ Ունա Օ’Նիլը և Քերոլ Մարկուսը մտերիմ ընկերուհիներ էին, ավելին՝ Չապլինի կին Ունան անմիջական մասնակցություն էր ունեցել Սարոյանի և Քերոլի սիրավեպն ամուսնության վերածելու գործում։ Թեպետ, ի տարբերություն Չապլինի և նրա երիտասարդ կնոջ, Սարոյանի և հրեական արմատներ ունեցող Քերոլի ամուսնական կյանքն անամպ ու համերաշխ չէր, սակայն նրանց հարաբերությունների պատմությունն ինքնին հետաքրքիր ու անկանխատեսելի է՝ մեծ գրողի արվեստի ու էության պես։ 


Երկրորդ աշխարհամարտի տարիներին Սարոյանը զորակոչվում է բանակ և նրա հարսնացու Քերոլը խոստանում է սպասել նրա վերադարձին և նամակներ գրել էությամբ պացիֆիստ և զինծառայությունը մեծ տհաճությամբ անցկացնող իր սիրեցյալին, ով արդեն իսկ ճանաչված գրող էր։ Սակայն փայլուն գրիչ ունեցող գրողի առաջ սեփական գրական ձիրքով աչքի ընկնելը հեշտ գործ չէր, իսկ Քերոլի պարագայում՝ պարզապես անհնարին էր։ Հենց այդ ժամանակ էլ ընկերուհուն օգնության է հասնում հնարամիտ Ունան՝ նրան տրամադրելով այն սիրային նամակները, որոնք մինչ իր ամուսնությունը ստացել էր իրեն անհույս սիրահարված մեկ այլ հռչակավոր գրողից՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջերից։ 


Սելինջերի՝ Ունային գրած նամակներն ուղարկվում են Սարոյանին՝ որպես Քերոլի սիրային նամակներ։ Այդուհանդերձ, չնայած այդ նամակների հուզական խորությանն ու նրբագեղ գրելաոճին, երկու կանանց «խարդախությունը» բոլորովին հակառակ ազդեցություն է գործում ամեն ինչից անտեղյակ Սարոյանի վրա։ Եթե Սիրանո դը Բերժերակի պարագայում հաջողվում է անգերազանցելի նամակներով նվաճել գեղեցկուհի Ռոքսանի սիրտը, ապա Սարոյանի պարագայում Քերոլին սպասվում էր մեծ հիասթափություն։ Վերադառնալով՝ Սարոյանը հայտարարում է, թե ինքը սիրահարվել էր երիտասարդ պարզսիրտ աղջկա և ոչ թե իրեն խելացի երևակայող գրամոլի, ով հիմար նամակներ է գրում։ Ի վերջո, սակայն, նրանք ամուսնանում են, և կանայք Սարոյանից թաքցնում են ճշմարտությունը։  


Տարիներ անց, երբ Չապլինը, Ունան, Սարոյանն ու Քերոլը միասին ժամանակ են անցկացնում, խոսակցություն է սկսվում արդեն հռչակ ձեռք բերած Սելինջերի մասին, ում «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպը նվաճել էր աշխարհը։ «Ամերիկայում հայտնվել է իսկապես մեծ գրող»,- հիացմունքով ասում է Սարոյանը։ «Բայց Դուք նախկինում բոլորովին այլ կարծիք ունեիք նրա գրվածքների մասին․․․»,- ծիծաղով նկատում է Ունան։