Այս հայուհին առանց ծնողների իմացության կամավոր մեկնեց Ղարաբաղ ու կանգնեց հայ զինվորի կողքին. ճանաչենք հայրենասեր հայուհուն

Խոսքը հայ ազատամարտիկ, բուժքույր Աիդա Սերգեյի Սերոբյանի մասին է, ով ծնվել է 1952 թվականի դեկտեմբերի 15-ին Վրաստանի Մախարաձե քաղաքում:

Ազատամարտիկ, փոխգնդապետ, «Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանը մասնակցել է 90-ականների պատերազմին՝ որպես բուժաշխատող:

Առանց ծնողների իմացության հայուհին կամավոր մեկնեց Ղարաբաղ: Իր հետ վերցնելով զենքն ու բժշկական դեղերը նա կանգնեց հայ զինվորի կողքին: Հայուհին կարծում է, որ անգամ վախ ունեցող զինվորին կնոջ ներկայությունը կրկնակի խիզախություն է հաղորդում: Մարտակերտում չորս անգամ վիրավորվել է, երկու անգամ նահանջել են, հետո՝ առաջ գնացել: Իր տեսած պատերազմից հետո շատ բան է փոխվել:

«Ես մարտնչում էի Մարտակերտի շրջանի Հաթեր գյուղի ազատագրական ջոկատում: Մեր ջոկատում կռվում էր 12 տարեկան երեխա, 78 տարեկան պապիկ: Այն ժամանակ մենք բանակ չունեինք, կամավորներն իրենք էին գնում: Երբ ազատագրում էինք Մարտակերտի շրջանի Լուլազաս գյուղը, մենք առաջ էինք գնում դաշտով, պետք է գրավեինք լերկ բարձունքը, որտեղ վաղուց դիրքավորված էին ադրբեջանցիները: Ես այդ ընթացքում մտովի հրաժեշտ էի տալիս իմ երեխաներին, որովհետև մտածեցի, որ մեզանից որևէ մեկին չի հաջողվի հասնել բարձունքին: Մտովի տուն գնացի, մորս մոտ, ու հանկարծ երեխայի ձայն լսեցի: Մտածեցի հալյուցինացիա է, սթափվեցի, նայում եմ երկու երեխա՝ մոտ 12-13 տարեկան ավտոմատները ձեռքին խոսում են՝ արի գնանք, բարձունքը գրավենք: Ես հրամանատարին, որին Մորուք Ռաֆո էինք ասում, ասեցի, մենք գնում ենք, էս երեխեքին ինչի՞ ենք տանում»,-հիշում է կին ազատամարտիկը:

Հրամանատարը երեխաներին արգելում է իրենց հետևել, նրանք սկսում են լացել ոտքերը գետնին խփել… Երեխաներից մեկն էլ , հեռացող խմբի հետեւից  ձայն է տալիս, որ գնաք կոտորվեք, միեւնույն է մենք ենք գալու…