Այս ՀԱՅՈՒՀՈՒ ձայնը ցնցել էր ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հոգին. ո՞վ է ՀԱՅԿԱԿԱՆ ժողովրդական երաժշտության ԹԱԳՈՒՀԻՆ

«Ես շատ մանկուց եմ երգում: Երգում էի` չհասկանալով, սիրելով: Իսկ ավելի ուշ` մի փոքր մեծանալով` երգում էի՝ պատուհանները բացելով, որ հարևաններն էլ լսեն»: 

20-րդ դարի 40-ական թվականներն մի բացառիկ փոփոխություն տեղի ունեցավ հայկական ժողովրդական արվեստի մեջ. բեմ բարձրացավ մի աղջնակ, ով հետագայում փոխելու էր ամեն բան ու գերելու էր ողջ աշխարհի սիրտը: Իհարկե խոսքը ժողովրդական երաժշտության թագուհու՝ Օֆելյա Համբարձումյանի մասին է:

  • Օֆելյա Համբարձումյան

Ժողովրդական երաժշտության թագուհին ծնվել է 1925 թվականի հունվարի 9–ին, Երևանում։ Վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին:

Ավարտելով Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը՝ սկսում է հանդես է գալիս Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր՝ նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ 1944 թվականից դառնում է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։

Պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` հայկական երգարվեստում մեծ ներդրում ունենալու համար։

«Երգը սեր է: Եթե չսիրեցիր, չես կարող: Հիվանդանում ես, երբ չես կարող երգել»:

Երգչուհու ամենամեծ երկրպագուն եղել է ոչ ավել ոչ պակաս Ավետիք Իսահակյանը: Մի անգամ Ծաղկաձորում Օֆելյա Համբարձումյանը հանգստանալիս է եղել : Երեկոյան խարույկի շուրջ հավաքված են եղել պիոներները: Երգել են, ասմունքել: Այդ հավաքին ներկա է գտնվել նաև վարպետը` Ավետիք Իսահակյանը: Նա լսելով երիտասարդ Օֆելյա Համբարձումյանը ձայնը` համբուրել է նրա ճակատը` կանխատեսելով  ապագան՝

«Աղջիկս, դու մեծ երգչուհի ես դառնալու. ցնցեցիր հոգիս»:

Իսկ հետագայում արդեն` տասնյակ տարիներ անց, երբ Իսահակյանը հիվանդ էր, իսկ բժիշկներն էլ արգելում էին անկողնուց վեր կենալ, հանկարծ ռադիոն հայտարարում է, որ շուտով ելույթ է ունենալու Օֆելյա Համբարձումյանը: Իսահակյանը շտապ ձայն է տալիս հարսին.

-Բելլա՛, շորերս բե՛ր, պիտի հագնվեմ:

Հարսը հակադարձում է.

-Ա՜խր, հայրիկ, քեզ չի կարելի վեր կենալ:

Իսահակյանը պատասխանում է.

-Ա՜խ, Բելլա, հասկանու՞մ ես, որ Օֆելյա Համբարձումյանի պես երգչուհուն պառկած չպիտի լսես:

Իսահակյանը հագնվում է, նստում իր աշխատանքային սեղանի դիմաց ու մինչև վերջ լսում է համերգը: Հարսը հիշում է, որ համերգի ավարտին Իսահակյանը հուզվել էր:

Օֆելյա Համբարձումյանը մահացել է 2016 թվականի հունիսի 13-ին, 91 տարեկան հասակում։

«Ես բնություն եմ գովերգել, ես սեր եմ երգել»: