Այս վանքից մնացել են միայն բեկորներ․ բացահայտենք Լոռու մարզի հոգևոր հարստություններից մեկը

Հայաստանը հարուստ է իր վանքերով ու եկեղեցիներով։ Ցավոք դրանցից շատերը այսօր գտնվում են անմխիթար և անհայտ վիճակում։ Միասին բացահայտենք Լոռու մարզի հոգևոր հարստություններից մեկը՝ Մանստևի վանքը։

Մանստևի վանքը գտնվում է Թեղուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ որոշ աղբյուրների վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում։ Վանքի մասին տեղեկություններ մեզ ցավոք չեն հասել։

Մանստևի վանքը մեզ էր հասել կիսավեր վիճակում, կացարանների, պարսպի և մի քանի գերեզմանների մնացորդների հետ միասին, (Խորհրդային միության օրոք հուշարձանի արտաքին որմնաշարերից հանվել էին երեսաքարերի մեծ մասը և կառույցը կանգուն էր մնացել միայն կրաշաղախի ամրության շնորհիվ…), բայց ցավոք այն վեջնականապես փլուզվել է 2010 թվականին:

Արտաքին տեսքում աչքի են ընկնում վերասլաց ճակտոնապատերը, որոնց գագաթին, որպես պահպանիչ խորհրդանշաններ, եղել են խոյի գլուխ պատկերող քանդակներ։ Հուշարձանն աչքի է ընկնում քարի մշակման և կառուցողական բարձր հատկանիշներով, երկայնական պատերի որմնանկամարների յուրօրինակ հնարքով: