Չարաբաստիկ պատերազմը Նարինեից խլեց տունը, հայրենիքը, որդուն ու եղբորը. Ինչպես չխելագարվել այս ամենի մեջ

45-ամյա Նարինե Հակոբյանի 22-ամյա տղան՝ Ասրի Մարգարյանը, և 43-ամյա եղբայրը՝ Նվեր Հակոբյանը, նույն օրը զոհվել են 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների ժամանակ։

«Իրանք երկուսն էլ նույն պոստում են զոհվել՝ ԱԹՍ-ի հարվածից, իրանց ամբողջ ջոկատն ա զոհվել, մի հոգի ա մենակ ծանր վիրավորվել»,- հուզմունքով ասում է Նարինեն։

Նարինե Հակոբյանը մասնագիտությամբ բուժքույր է, ծնվել, մեծացել, ընտանիք է կազմել Շուշիում։ Պատերազմը Նարինեից խլեց տունը, հայրենիքը, որդուն ու եղբորը։

Նարինեի տղան՝ Ասրին, սիրում էր սպորտը և երաժշտությունը։ Ավարտել էր Շուշիի երաժշտական դպրոցը, այնուհետև Ստեփանակերտում՝ վոկալի բաժինը, բայց բանակից վերադառնալուց հետո որոշել է շարունակել զինվորական ծառայությունը:

Նարինեն նշում է՝ իրենց ամբողջ ընտանիքը հայրենիքին էր նվիրված, բոլորի գործերը ուղղված էին հայրենիքին։ Ինքը Շուշիի հիվանդանոցում ավագ բուժքույր էր, պատերազմի ժամանակ սպասարկում էր վիրավոր զինվորներին, մեծ տղան կապիտան է, ամուսինը երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում, Ասրին ևս ընտրեց հայրենիքին ծառայությունը՝ պայմանագրային զինծառայության անցնելով։

Նարինեի եղբայրը՝ 43-ամյա Նվեր Հակոբյանը, ևս զինվորական ծառայություն է իրականացրել հայրենիքում, սակայն վերջին 13 տարիներին ընտանիքով մեկնել էր Ռուսաստան: Նախքան պատերազմը վերադարձել էր և որոշել Արցախում գործ դնել, հաստատվել հայրենիքում։ Պատերազմը սկսվելուն պես Նվեր Հակոբյանը կամավորագրվում և հատուկջոկատայինների խմբում ներգրավվում ու մեկնում Ֆիզուլի:

Նվեր Հակոբյանը քրոջ տղայի՝ Ասրիի հետ Ֆիզուլիի դիրքերում հոկտեմբերի 9-ին զոհվում է։