Ինչպե՞ս հարուստ վաճառականի ընտանիքում ծնված հայը դարձավ հոգեբանական դրամայի կերտողը

Հայ գրող, գրականագետ, վերլուծաբան Լևոն Գևորգի Մանվելյանը  ծնվել է 1864 թ. դեկտեմբերի 3-ին Ներքին Ագուլիսում, հարուստ վաճառականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Րաֆֆուն։ Այնուհետև սովորել և ավարտել է Թիֆլիսի գիմնազիան։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետում, ավարտելով այն 1889 թվականին։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, պաշտոնավարել Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությունում։

Մանվելյանի ստեղծագործությունը, որ ամփոփված է «Բանաստեղծություններ և պոեմներ» խորագրով ժողովածուներում, կապված է անցյալի առաջավոր-դեմոկրատական գրականության ավանդույթների հետ։ Մանվելյանը հայ գրականության մեջ դրամատիկական պոեմի սկզբնավորողն է («Գալիլե և Միլտոն», «Փոթորիկ», «Դեպի վեր», «Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք», հրատարակված 1940 թվականին)։ Նրա պիեսները նկատելի դեր են կատարել հայ ռեալիստական-հոգեբանական դրամայի զարգացման գործում («Նկարիչ Թաշճյան», «Դոկտոր Երվանդ Բոշայան», «Վերածնվածը», «Մագդա»)։

1892 թվականին լույս է տեսել «Տիգրանուհի» պատմա-դիցաբանական ողբերգությունը։ Հայկական մշակույթի և ազգային արժեքների պահպանման մեջ կարևորել է պատմա-դիցաբանական ուղղության դերը։ «Խորտակված կյանք» վեպում ներկայացված է կապիտալիստական իրականության հետ անհատի բախումն ու կործանումը, նյութականի և հոգևերի բախումը։ Մանվելյանն զբաղվել է թատերական և գրականագիտական հարցերով, կատարել է մի շարք գրական ուսումնասիրություններ և վերլուծություններ գրել է «Ռուսահայ գրականության պատմություն» աշխատությունը։