«Էջմիածնի Ավետարան»-ը

«Էջմիածնի Ավետարան»-ը, կամ «Փղոսկրյա Ավետարան»-ը, հայ գրչության և մանրանկարչության ձեռագիր մատյան է, որն ընդօրինակել է Հովհաննես Գրիչը 989  թվականին, Բղենո Նորավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցում։ Պատվիրատու՝ Ստեփանոս քահանա։ Բնագիրը պարունակում է 233 մագաղաթե թերթ ։ Բաղկացած է գեղեցիկ երկաթագրով գրված չորս Ավետարաններից։

Մատթեոսի Ավետարանին նախորդում է քառաթերթ մի պրակ՝ ամբողջ էջերն զբաղեցնող մանրանկարներով։ 1ա – 5ա էջերում Եվսեբիոսի թուղթն է և համաբարբառները՝ ճոխ խորանների մեջ առնված։ 5բ էջում պատկերված է մի տաղավարիկ (tempietto), որին հաջորդում են թեմատիկ մանրանկարներ՝ գահին բազմած Հիսուսը, զույգ-զույգ կանգնած չորս ավետարանիչները, Աստվածածինը՝ Մանուկը գրկին և Աբրահամի զոհաբերությունը։ Ձեռագրի վերջում ներմուծված է երկու թերթ՝ 228, 229, որոնց վրա պատկերված են «Զաքարիայի ավետումը», «Մարիամի ավետումը», «Մոգերի երկրպագությունը» և «Մկրտություն» մանրանկարները։ «Էջմիածնի Ավետարան»-ի լուսանցքներում նույնպես կան պատկերներ։